Ե՞րբ են կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում փոխկապակցված ըստ հարկային օրենսգրքի

Որպես կանոն կազմակերպությունները և ֆիզիկական անձինք իրենց հարկային պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում անկախ։ Սակայն շատերը չգիտեն, որ հարկային օրենսգիրքը սահմանում է փոխկապակցված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հասկացությունը՝ որոնք ենթակա են հատուկ կանոնների։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է փոխկապակցվածության հասկացությունը և չափանիշները։

Փոխկապակցված՝ 20% և ավելի փայաբաժնի դեպքում

Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին։

Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)։

Փոխկապակցված՝ հարկային մարմնի որոշմամբ

Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անկախ 20% փայաբաժնի առկայությունից՝ կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով, հարկային մարմնի սահմանած կարգով, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված։

Օրենսգրքի համաձայն՝ հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները՝

  • միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը,
  • միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները,
  • որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը։

Տրանսֆերային գնագոյացման կանոնները

Օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված՝ տրանսֆերային գնագոյացման կանոնների կիրառության իմաստով, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց փոխկապակցված համարելու լրացուցիչ կարգավորումները սահմանվում են այդ գլխով։

Ուշադրություն. կազմակերպությունները և ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված երկու դեպքում՝ եթե միևնույն ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը պատկանում է կազմակերպությունների կանոնադրական կապիտալի 20% և ավելի փայաբաժին, կամ եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված՝ ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Iravaban.net-ին։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։

Leave a Comment