Անտարկտիդան ստորին հատվածից հալվում է սպասվածից ավելի արագ․գիտնականներ

Անտարկտիդայի շելֆային սառցադաշտերի տակ տաք ջրի համար նախատեսված թաքնված «թակարդները» կարող են արագացնել ծովի մակարդակի համաշխարհային բարձրացումը շատ ավելի արագ, քան կանխատեսվում էր։ Այս մասին գրել  է ՌԲԿ-ն՝ հղում անելով ScienceDaily -ին

Լողացող սառցե սալերի խորքում գտնվող երկար խողովակները (կանալները) որսում են օվկիանոսի ավելի տաք ջուրը, ինչը զգալիորեն արագացնում է հալման գործընթացը ներքևից։ Նույնիսկ Արևելյան Անտարկտիդայի շրջանները, որոնք ժամանակին համարվում էին համեմատաբար կայուն, կարող են շատ ավելի խոցելի լինել, քան ենթադրում էին մասնագետները։

Շելֆային սառցադաշտերն օգնում են դանդաղեցնել սառույցի հսկայական զանգվածների շարժումը դեպի օվկիանոս։ Երբ դրանք բարակում և թուլանում են, կորցնում են սառցադաշտերը զսպելու ունակությունը, ինչը կարող է հանգեցնել ավելի մեծ քանակությամբ սառույցի սահքին դեպի ջուր և արագացնել ծովի մակարդակի բարձրացումը։

Գիտնականներն ուսումնասիրել են Արևելյան Անտարկտիդայի Ֆիմբուլիսեն շելֆային սառցադաշտը։ Նրանք պարզել են, որ սառցադաշտի ստորին կողմի ձևն ազդում է դրա տակ գտնվող ծովի ջրի շրջանառության վրա։ Այնտեղ, որտեղ սառույցի տակ կան խորը խողովակներ, օվկիանոսային հոսանքները կարող են ձևավորել փոքր շրջանառու կառուցվածքներ, որոնք տաք ջուրը պահում են սառույցի մոտ՝ թույլ չտալով դրան արագ հեռանալ։ Այս ջերմությունը զգալիորեն ուժեղացնում է հալումը հենց այդ հատվածներում։

«Մենք պարզել ենք, որ շելֆային սառցադաշտի ստորին կողմի ձևը պարզապես պասիվ առանձնահատկություն չէ։ Այն կարող է ակտիվորեն պահել օվկիանոսի ջերմությունը հենց այն վայրերում, որտեղ հավելյալ հալումն ամենամեծ նշանակությունն ունի»,- բացատրել է հետազոտության հեղինակներից Թորե Հաթերմանը iC3 Polar Research-ից (Տրոմսյո, Նորվեգիա)։

Ֆիմբուլիսեն սառցադաշտը գտնվում է Արևելյան Անտարկտիդայում՝ ավելի սառը տարածաշրջանում, որը համարվում էր պակաս խոցելի, քան մայրցամաքի մյուս մասերը։ «Մենք տեսանք, որ նույնիսկ փոքր քանակությամբ տաք ջուրը կարող է էապես ուժեղացնել հալումը խողովակների ներսում։ Արդյունքում դրանք կարող են ընդլայնվել և վատթարագույն դեպքում թուլացնել ամբողջ շելֆային սառցադաշտի կայունությունը»,- հավելել է Հաթերմանը։

Գիտնականները նախազգուշացնում են, որ խողովակների ներսում հալման ուժգնացումը կարող է ստեղծել վտանգավոր հետադարձ կապի էֆեկտ. երբ դրանք խորանում և լայնանում են, սառցադաշտի հատվածները կարող են անհավասարաչափ բարակել, ինչը կնվազեցնի դրանց ընդհանուր կառուցվածքային ամրությունը։

«Ժամանակակից կլիմայական մոդելները հաշվի չեն առնում այս գործոնը»,- նշում է Հաթերմանը։ «Սա նշանակում է, որ դրանք կարող են թերագնահատել Արևելյան Անտարկտիդայի առափնյա «սառը» սառցադաշտերի զգայունությունը ջրերի տաքացման նույնիսկ չնչին փոփոխությունների նկատմամբ»։

Այս փոփոխությունները կարող են ազդել նաև օվկիանոսի շրջանառության և Անտարկտիդայի շուրջ գտնվող ծովային էկոհամակարգերի վրա, քանի որ հալված ջուրը լցվում է Հարավային օվկիանոս։

Leave a Comment