65-ից հետո գլխի ու սրտի չափ կարևոր են ոսկրերն ու հոդերը. օրթոպեդի խորհուրդները. «Երկրորդ շնչառություն»

Հենաշարժական համակարգի՝ ոսկրերի ու հոդերի առողջության և ամրության պահպանումը նույնքան կարևոր է, որքան գլխուղեղի ու սրտի աշխատանքը: Մարդիկ այս համակարգին լուրջ չեն մոտենում և բժշկի են հասնում հատկապես տարեց ժամանակ՝ երբեմն դիմելով հիվանդությունների արդեն բարդացած վիճակում:

Ուշագրավ է, որ օրթոպեդ-վնասվածքաբանին դիմողների կեսից ավելին հենց 60-ն անց մարդիկ են: «Երբեմն մարդիկ մեզ դիմում են չորրորդ աստիճանի արթրոզով, երբ բժշկին էլ ոչինչ չի մնում անելու, քան՝ առաջարկել պրոտեզավորում՝ փոխել հոդերը և տեղադրել արհեստական հոդեր»,- ասում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի սպորտային վնասվածքաբանության և արթրոսկոպիայի բաժնի վարիչ, բ.գ.թ. Հայկ Աղամալյանը: Նրա խոսքով՝ հիմնականում դիմում են հետվնասվածքային խնդիրներով, ինչպես նաև հոդերի կարկամության, ցավի ու այտուցվածության պարագայում: Որպես կանոն, նախևառաջ ախտահարվում են առանցքային՝ կոնքազդրային, ծնկան ու սրունք-թաթային հոդերը, որոնց վրա ընկնում է մարմնի հիմնական ծանրաբեռնվածությունը:

Այս դեպքերում ցավն ավելի արտահայտված է լինում, և բուժառուն արագ դիմում է մասնագետի: Հոդերի և ոսկրերի հետ կապված հիվանդությունները կանխարգելելու և պրոտեզավորման չհասնելու համար փորձառու բժիշկն առաջարկում է ունենալ բալանսավորված ու ռացիոնալ սննդակարգ, հետևել օրգանիզմում վիտամին D-ի և կալցիումի քանակին, անպայման օրգանիզմի համար ապահովել ֆիզիկական համաչափ ակտիվություն։ Քանի որ իգական սեռի շրջանում օստեոպորոզը մի քանի անգամ ավելի հաճախ է պատահում, բժիշկն առաջարկում է նրանց հետդաշտանադադարի շրջանում կատարել դենսիտոմետրիկ հետազոտություն՝ ոսկրերի խտության ստուգում, և մշտապես գտնվել մասնագետի հսկողության ներքո:

«Չպետք է սպասես ցավին, չպետք է սպասես, որ ախտաբանական կոտրվածք զարգանա»,- բացատրում է նա՝ ավելացնելով, որ այդ հետազոտությունը թանկ չէ, անցավ է: Անդրադառնալով հոդերի առողջությանը՝ նա որպես հիմնական խնդիր նշում է հոդերի աճառների մաշվածությունը: Այստեղ կարևոր է համաչափ ծանրաբեռնվածությունը. նստակյաց աշխատանք կատարողները պետք է չմոռանան հոդերի բալանսավորված շարժունակության անհրաժեշտության մասին: Բժիշկը համոզված է, որ ճիշտ սննդակարգը, առողջ ապրելակերպը, պարբերական ստուգումներն ու մարզումներն ապահովելու են ամուր հենաշարժական համակարգ ու երկար կյանք:

Leave a Comment