Հունիսի 7-ի ընտրությունների ամենակարևոր իմաստը խեղճությունը հաղթահարելն է․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ հանդես է եկել ուղերձով։ Ծառուկյանը նշել է, որ մայիսը ժամանակին հայ ժողովրդի հաղթանակների ու հպարտության ամիսն էր, սակայն այսօր իրավիճակը փոխվել է։

«Մեզնից դա խլեցին։ Մեզ թողեցին պարտություն ու խեղճություն, բայց հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ։ Պատերազմում պարտվել կարող են բոլորը, բայց սեփական հաղթանակն ու պատմությունն ուրանալն աններելի է»,- ընդգծել է նա։

Խոսելով հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների մասին՝ ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ դրանք պետք է դառնան ազգային վերածննդի հիմքը։ Ըստ նրա՝ նպատակը նոր սերնդին արդար, անվտանգ և ներքին թշնամանքը հաղթահարած Հայաստան փոխանցելն է։

«Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի հունիսի 7-ից հետո նրանց համար բացվի նոր, ավելի լուսավոր, ավելի մեծ հնարավորություններով կյանք։ Մենք ուղղելու ենք մեր մեջքը, որ երեխաների աչքերին կարողանանք նայել։ Ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և բարգավաճ Հայաստան»,- ասված է ուղերձում։

Ծառուկյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախյան հերոսամարտերի և Հայրենական մեծ պատերազմի նահատակների հիշատակին՝ նշելով, որ երկիրը երկիր է իր հիշողությամբ։

Մայիսի 9-ի առավոտյան Հաղթանակի զբոսայգի էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

Leave a Comment