Գաղտնի փաստաթուղթ․ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանի ընտրությունների վրա․ Blankspot

Գաղտնի փաստաթուղթ․ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանի ընտրությունների վրա․ Blankspot

Blankspot շվեդական անկախ լրագրողական հարթակը հրապարակել է ռուսալեզու գաղտնի փաստաթուղթ, որը, ինչպես նշվում է, ներկայացնում է ՀՀ գործող իշխանությունների հեղինակությունը նվազեցնելու Ռուսաստանի ծրագիրը։

«Հակափաշինյանական ուղղությամբ 2026 թ. աշխատանքային ծրագիր» վերնագրով փաստաթուղթը մանրամասնում է, թե ինչպես է Մոսկվան պլանավորում տապալել գործող իշխանություններին հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։

Թիրախում Նիկոլ Փաշինյանն է. ի՞նչ է նախատեսում Կրեմլը

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Ռուսաստանի գլխավոր նպատակն է առաջիկա ընտրությունները վերածել Նիկոլ Փաշինյանի դեմ «անվստահության հանրաքվեի»։ Մոսկվան մտադիր է ամեն կերպ կանխել վարչապետի քաղաքական կերպարի «արդիականացումը» և սահմանափակել կառավարության ազդեցությունը հանրային կարծիքի վրա։

Հատկանշական է, որ փաստաթուղթը չի նշում, թե ընդդիմադիր որ ուժին է նախընտրում Մոսկվան, այլ կենտրոնանում է հասարակական կարծիքի վրա ազդելու գործիքների վրա։

Նախատեսվում է սոցիալական ցանցերում ռուսամետ թեզերի ծավալը եռապատկել՝ օրական 1 միլիոն դիտումից հասցնելով մինչև 3 միլիոնի։ Ռուսամետ կարծիք ձևավորողների թիվը պետք է աճի 15-ից մինչև շուրջ 40։ Բացի այդ, առաջարկվում է նրանցից ամենաակտիվներին ընդգրկել ընդդիմադիր կուսակցությունների ընտրական ցուցակներում։

Փաստաթղթում հիշատակվում են նաև «կեղծ դրոշի» արշավներ սոցիալական ցանցերում, իշխող ուժի ակտիվիստների դեմ ուղղված մեկնաբանությունների համակարգված արշավներ, ինչպես նաև հատուկ խմբերի ստեղծում՝ ընտրարշավի ընթացքում բացառիկ բովանդակություն արտադրելու համար։

Հետախուզական հետքը և ԵՄ աջակցությունը

Blankspot-ը հայտնում է, որ փաստաթուղթը ձեռք է բերվել ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձի հաքերային հարձակման արդյունքում։ Այդ անձը Հայաստանում ակտիվորեն մասնակցել է կոնֆերանսների, հանդիպել ընդդիմադիրների հետ և հանրությանը համոզել, թե Հայաստանը «կործանարար ուղով է գնում»՝ շրջվելով Ռուսաստանից։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը դեռ 2025-ի դեկտեմբերին դիմել էր Եվրամիությանը՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում աջակցության համար։ ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը հաստատել է, որ Հայաստանում գործում են նույն ցանցերը, որոնք նախկինում փորձում էին ապակայունացնել Մոլդովան։

Ապրիլին Meta-ն փակել էր Հայաստանում գործող շուրջ 70 կեղծ էջ և հաշիվ։ Միևնույն ժամանակ ռուս պաշտոնյաները պարբերաբար մեղադրել են հայկական քաղաքացիական հասարակությանը «հակառուսական քարոզչություն» տարածելու մեջ։ Կիբեռանվտանգության մասնագետները ևս մատնանշել են Ռուսաստանի կողմից իրականացվող ֆիշինգային հարձակումները։

Փորձագետները նախազգուշացնում են, որ Կրեմլի մարտավարությունը ոչ թե դասական քարոզչություն է, այլ «սոցիալական ինժեներիա»՝ նպատակ ունենալով հասարակության մեջ սերմանել անվստահություն, բևեռացում և հուսահատություն։

Leave a Comment