Հյուսիսային Կիպրոսում արգելել են ուխտագնացությունը դեպի Սբ․ Մակար վանք

Կիպրոսի չճանաչված թուրքական իշխանությունները վերջին պահին չեղարկել են Կիրենիայի շրջանում գտնվող 11-րդ դարի հայկական Սուրբ Մակար վանք նախատեսված ուխտագնացությունը, հայտնել է Կիպրոսի խորհրդարանի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը Cyprus Mail-ին։

Թույլտվությունը հետ է կանչվել, թեև ՄԱԿ-ի միջոցով համապատասխան փաստաթղթերը ներկայացվել էին դեռ երեք ամիս առաջ, նշել է Մահդեսյանը:

Նրա խոսքով համայնքին սկզբում տեղեկացրել էին դրական պատասխանի մասին, սակայն երկու օր անց որոշումը փոխվել է՝ որպես պատճառ նշելով «գրասենյակային սխալը»: Չեղարկման պահին արդեն իսկ կազմակերպվել էին ավտոբուսները, և ուխտագնացության համար գրանցվել էր շուրջ 70 մարդ:

Մահդեսյանի գնահատականով՝ որոշումը լուրջ հարված է վերջին երկու տասնամյակում ձևավորված ավանդույթի վերականգնմանը:

«Մինչև համավարակը սա ամենամյա միջոցառում էր: Այժմ սա հատկապես կարևոր էր, քանի որ սկսել են միջոցներ տրամադրել վանքի վերականգնման համար: Մենք իրական առաջընթաց ունեինք, բայց այս քայլով մեկ քայլ առաջ գնացինք և երկու քայլ՝ հետ»,- նշել է նա:

Ի հակադրումն՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության «արտաքին գործերի նախարար» Թահսին Էրթուղրուլօղլուն պնդել է, թե թույլտվությունը չի տրվել վանքի «ֆիզիկական վիճակի» պատճառով, որն այժմ լքված ու խարխուլ վիճակում է:

Leave a Comment