BBC-ն սյունակ է հրապարակել, որտեղ ներկայացվում է այն ոլորտներն ու ընկերությունները, որոնք զգալի շահույթներ են ստանում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակամարտության ֆոնին, մինչդեռ համաշխարհային տնտեսությունը տուժում է գների աճից։
Նավթագազային ոլորտ
Հորմուզի նեղուցի փաստացի փակումը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ տատանումների։ Դրանից հիմնականում շահել են եվրոպական հսկաները. BP-ի շահույթը տարվա առաջին եռամսյակում կրկնապատկվել է՝ հասնելով 3,2 միլիարդ դոլարի, իսկ Shell-ը և TotalEnergies-ը նույնպես գրանցել են սպասվածից բարձր ցուցանիշներ։ Չնայած մատակարարման ընդհատումներին, ամերիկյան ExxonMobil և Chevron ընկերությունները նույնպես ակնկալում են շահույթի հետագա աճ։
Խոշոր բանկեր
Ֆինանսական շուկաների անկայունությունը նպաստել է բանկային առևտրի ծավալների աճին։ JP Morgan-ը գրանցել է ռեկորդային եկամուտ, իսկ ԱՄՆ «Մեծ վեցյակի» բանկերն ընդհանուր առմամբ 2026 թվականի առաջին երեք ամսում հայտնել են 47,7 միլիարդ դոլարի շահույթի մասին։ Ներդրողները փորձում են կապիտալը տեղափոխել ավելի անվտանգ ակտիվներ կամ օգտվել գների տատանումներից։
Պաշտպանական արդյունաբերություն
Պատերազմն արագացրել է ներդրումները հակաօդային պաշտպանության և անօդաչուների դեմ պայքարի համակարգերում։ BAE Systems-ը հայտնել է վաճառքի զգալի աճի մասին, իսկ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Lockheed Martin-ը, Boeing-ը և Northrop Grumman-ը, ունեն պատվերների ռեկորդային կուտակումներ։ Կառավարությունները ձգտում են համալրել սպառազինության պաշարները գլոբալ անվտանգային սպառնալիքների ֆոնին։
Վերականգնվող էներգետիկա
Հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու ձգտումը խթանել է հետաքրքրությունը կանաչ էներգիայի նկատմամբ։ Ամերիկյան NextEra Energy, ինչպես նաև դանիական Vestas և Orsted ընկերությունները գրանցել են բաժնետոմսերի և շահույթի աճ։ Մեծ Բրիտանիայում արևային վահանակների վաճառքն աճել է 50%-ով, իսկ էլեկտրական մեքենաների պահանջարկը շարունակում է բարձր մնալ բենզինի թանկացման պատճառով։
