Եվրոպական միությունը (ԵՄ) միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացին՝ պատճենելով նախկինում Մոլդովայում փորձարկված մեխանիզմներն ու տեխնոլոգիաները։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից։
«Հենց այդպես էլ մենք ընկալում ենք ԵՄ հարձակողական ակտիվությունը հայկական ուղղությամբ։ Հայաստան այսպես կոչված գործընկերային առաքելության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արագ արձագանքման խմբի ուղարկումը՝ Բրյուսելի նման գործողությունները հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այլ բան չեն, քան փորձ՝ միջամտելու այդ երկրի ներքին գործերին։ Դրա համար ԵՄ-ն օգտագործում է Մոլդովայում նախորդ ընտրարշավների ժամանակ մշակված մեխանիզմներն ու տեխնոլոգիաները՝ ինչպես պատճենահանման թղթի վրայից», — հայտարարել են գերատեսչությունում։
Մոսկվան տեսնում է, որ Երևանում հոժարակամ ընդունում են եվրոպացիների աջակցությունը, հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Հույս ունենք, որ հայաստանյան ղեկավարությունում չեն մոռանում, որ Բրյուսելի մոտ ամեն ինչ իր գինն ունի։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքի հետ նման խաղերը հազվադեպ են լավ ավարտվում այն պետությունների համար, որոնք ներգրավվում են դրանցում։ Օրինակ՝ Բրյուսելի հակառուսական օրակարգին միանալով», — ասել են դիվանագետները։
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ ի տարբերություն որոշ արևմտյան գործընկերների, Ռուսաստանը Երևան չի բերում «ապագայի պատրաստի սցենարներ» և հարաբերությունների հետագա զարգացումը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով։
«Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք հզոր, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով, որն ի վիճակի է ինքնուրույն կառուցել իր քաղաքականությունը և որոշել իր զարգացման վեկտորը», — ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։