Պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի մոտակայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fars լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ բնակիչները լսել են պայթյունների նմանվող ձայներ, որոնք հնչել են քաղաքի տարբեր մասերից։
Ձայների ճշգրիտ ծագումն ու աղբյուրը դեռևս պարզված չեն, ընդգծում է աղբյուրը։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են նաև Քեշմ կղզում լսվող նմանատիպ ձայների մասին։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։
