Մի վարչապետական բլեֆի պատմություն. հաջորդ և հաջորդի հաջորդ թնջուկը

Մի վարչապետական բլեֆի պատմություն. հաջորդ և հաջորդի հաջորդ թնջուկը

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն արդեն քանի ամիս է՝ շուտասելուկի նման պնդում են՝ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը։

Միայն թե այս պնդումը փաստացի քաղաքական բլեֆ է. Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի հաջորդ վարչապետը՝ նախ և առաջ գործող Սահմանադրության պատճառով։

Հայաստանի մայր օրենքի 48-րդ և 148-րդ հոդվածները սահմանում են, թե ով կարող է դառնալ ՀՀ վարչապետ, ԱԺ պատգամավոր և նախարար՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող, 25 տարին լրացած յուրաքանչյուր ոք։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, սակայն, Սահմանադրության այս պահանջին ուշադրություն չի դարձնում՝ հայտարարելով Կարապետյանին իրենց վարչապետի թեկնածու։

Սահմանադրության 148-րդ հոդվածը աներկբա արգելում է Կարապետյանին, ինչպես մոլորակի ցանկացած բնակչի, ով չի համապատասխանում նշյալ պահանջին, մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին և ընտրվել պետության բարձր պաշտոններում։

Սամվել Կարապետյանը, ինչպես հայտնի է, երկքաղաքացի է. նա ունի միաժամանակ և՛ ՌԴ-ի, և՛ Կիպրոսի քաղաքացիություն։ Հետևաբար, գործող Սահմանադրության համաձայն, և ԱԺ այս ընտրությունների արդյունքում նա որևէ կերպ չի կարող դառնալ ՀՀ հաջորդ վարչապետ։ Ի դեպ, վերջին դատական նիստում նա հայտարարեց, որ, քանի որ վստահ է իր հաղթանակում, սկսում է քաղաքացիությունից հրաժարման գործընթաց։

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածը պահանջում է, որ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո խորհրդարանական մեծամասնության թեկնածուին նախագահն անհապաղ նշանակի վարչապետ։ Սա իմպերատիվ պահանջ է, և անգամ եթե «Ուժեղ Հայաստանը» հաղթի ընտրություններում, պետք է նախ՝ իր առաջադրած թեկնածուն նշանակվի վարչապետ, խորհրդարանը գործի, ձևավորվի իշխանություն, ապա դրանից հետո նոր իրավական առումով հնարավոր կլինի անդրադառնալ որևէ օրենսդրական փոփոխության։ Անգամ եթե Կարապետյանի կուսակցությունը ստանա ԱԺ-ի բոլոր մանդատները, ՀՀ հաջորդ վարչապետ պետք է ընտրվի մարդ, ով համապատասխանում է Սահմանադրության 48-րդ և 148-րդ հոդվածների պահանջներին։

Այնպես որ, այս տարբերակի դեպքում Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի հաջորդ վարչապետը։

Ի դեպ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարում, երբ Կարապետյանի եղբորորդին հայտարարեց վարչապետի իրենց թեկնածուի անունը, նաև մատնանշել էր իրենց ուզածին հասնելու ճանապարհային քարտեզը՝ փոխել Սահմանադրությունը, որպեսզի իրենց ցանկալի մարդը կարողանա հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին։

Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու համար «Ուժեղ Հայաստանին» հարկավոր է ընտրությունների արդյունքում ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ խորհրդարանում ունենալով 2/3-ի ներկայություն՝ առնվազն 72 մանդատ։ Այդքանն է հարկավոր Սահմանադրության նշյալ հոդվածը փոխելու համար։

Իսկ եթե Կարապետյանի կուսակցությունը չունենա 2/3-ի մեծամասնություն, պետք է բանակցություններ վարի քաղաքական մյուս ուժերի հետ՝ Սահմանադրության 148-րդ հոդվածը փոփոխելու համար։ Թե ինչպես կավարտվեն բանակցությունները, այլ հարց է։ Նկատենք, որ ԱԺ-ում հայտնվելու հավակնություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի թիմերը խուսափում են արտահայտվել Կարապետյանի կուսակցության այս նախաձեռնության մասին։ Շատերը նաև վստահ չեն, որ ճիշտ է մեկ մարդու համար Սահմանադրություն փոխելն ու պետության իրավաքաղաքական հիմքերի վերանայման հարցում վտանգավոր նախադեպ ստեղծելը։ Ավելին՝ Ծառուկյանը քանիցս հայտարարել է, որ իր թիմում 3-4 վարչապետի թեկնածու ունի, իսկ Ռոբերտ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ է անձամբ մտնում ընտրապայքարի մեջ՝ անկարող լինելով մի կողմ դնել սեփական ամբիցիաները, թեպետ քաղաքական դաշտում լրջորեն քննարկվում է, որ երկրորդ նախագահը կարող է անգամ անցողիկ շեմը չհաղթահարել։

Ստացվում է, որ «Ուժեղ Հայաստանը» «ուժեղ առաջնորդ» իր օպերացիան իրականացնելիս նախ բախվելու է սահմանադրական արգելքին, այնուհետև նաև քաղաքական մրցակիցների կամ գուցե դաշնակիցների ծով ամբիցիաներին։ Եվ եթե խնամի, բարեկամ, ազգակից և շահակից այդ թնջուկը հավաքվի անգամ, նույնիսկ այդ դեպքում էլ Հայաստանը պետք է ունենա հաջորդ վարչապետ, որից հետո նոր խորհրդարանը կկարողանա ձեռնամուխ լինել Կարապետյանի կուսակցության խոստացած փոփոխությանը։

Այնպես որ, ցանկացած սցենարի պարագայում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների պնդումը, թե Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, պարզապես բլեֆ է. դա իրավաքաղաքական որևէ կարգավորումով հնարավոր չէ։

Կարապետյանը լավագույն դեպքում կարող է լինել հաջորդի հաջորդ վարչապետը, բայց որևէ դեպքում չի կարող լինել հաջորդը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո։

Հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ ունի այդպես խաբել մարդկանց և, օգտվելով սովորական քաղաքացիների անիրազեկվածությունից՝ Սահմանադրության և օրենքների հարցում, կեղծ խոստումներ տալ ու մոլորեցնել մարդկանց։

 

Leave a Comment