Իսրայելական ավիահարվածից սպանվել է «Համասի» առաջնորդներից մեկի որդին – armeniatoday.am

Գազա քաղաքին իսրայելական ավիացիայի հարվածի հետևանքով սպանվել է «Համաս» շարժման քաղբյուրոյի ղեկավար և Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում խմբավորման գլխավոր բանագնաց Խալիլ ալ-Հայայի որդին, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

Ազզամ Խալիլ ալ-Հայան ստացած վնասվածքներից մահացել է մայիսի 7-ին՝ Գազայի Դարաջ թաղամասին հասցված հարվածից հետո։ Տեղեկությունը X սոցիալական ցանցում հաստատել է «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչ Բասեմ Նաիմը։

Բժիշկների տվյալներով՝ նույն հարվածի հետևանքով սպանվել է ևս մեկ մարդ, իսկ ինը հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

«Մեր որդիները պաղեստինցի ժողովրդի զավակներն են, և իմ որդին ոչնչով չի տարբերվում մյուսներից։ Ո՛չ մեր զավակների սպանությունը, ո՛չ առաջնորդների նահատակությունը մեզ չեն վախեցնի»,- հայտարարել է Խալիլ ալ-Հայան՝ նախքան որդու մահվան պաշտոնական հաստատումը։

«Համասը» դատապարտել է գործողությունները՝ դրանք անվանելով անցյալ տարվա հոկտեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի «կոպտագույն խախտում»։ Իսրայելական զինվորականները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 72 հազարը, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իսրայելի անվտանգության կաբինետն «Համասի» կողմից զինաթափման պահանջը մերժելուց հետո այս շաբաթ քննարկել է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։

Leave a Comment