Ռոնալդուն դարձել է Ռիադի հայկական «Լավաշ»  ռեստորանի մշտական հաճախորդ – armeniatoday.am

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով 2023 թվականին տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, դարձել է Ռիադի հայկական «Լավաշ» (Lavash) ռեստորանի մշտական հաճախորդը, հայտնել է Tribuna.com պորտալը։

Եռահարկ ռեստորանը, որն ունի գլխավոր սրահ, VIP սենյակ և բացօթյա պատշգամբ, աստղի սիրելի վայրերից մեկն է Մերձավոր Արևելքում։ Տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Ռոնալդուն հենց այստեղ է նշել իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան տարելիցը, որից հետո պարբերաբար վերադառնում է այնտեղ։

Ըստ աղբյուրի՝ «Լավաշում» ֆուտբոլիստի ամենասիրելի կերակուրը  հոբոբն է (հայտնի է նաև որպես հոպոպ)՝ տապակած հավի միս, որը մատուցվում է նռան հատիկներով և կարամելացված սոխով։ Ռոնալդուն պատվիրում է նաև հայկական տարատեսակ նախուտեստներ և թարմ աղցաններ։

Թեև մարզիկը սովորաբար խուսափում է քաղցրավենիքից, սակայն տոնական օրերին իրեն թույլ է տալիս օգտվել աղանդերից։

Նշվում է, որ հատուկ միջոցառումների համար Ռոնալդուն վարձակալում է VIP սրահը, սակայն սովորական օրերին նախընտրում է ճաշել ընդհանուր սրահում՝ այլ հյուրերի կողքին։ Լրատվամիջոցը եզրակացնում է, որ հայկական ռեստորանը պորտուգալացի աստղի համար դարձել է յուրօրինակ «խոհարարական տուն» հայրենիքից հեռու։

Leave a Comment