Աղբն անտառ տանելիս շատերը չեն գիտակցում, որ աղբը հողին խանգարում է շնչել, ջրին՝ ծառի արմատներին հասնել։ Թունավոր նյութերի արտանետմամբ աղբից նաև վտանգվում է հողը՝ երկարատև կամ անդառնալի վնաս հասցնելով բուսական ու կենդանական աշխարհին։
Մայր բնությունը վայելելու մեր իրավունքը վերականգնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնվող, անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու միջոցառումները շարունակական են։
Առաջիկա միջոցառումն անցկացվելու է մայիսի 16-ին, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։
Ձեռնոցները, պարկերն ու բահերը տրամադրվելու են։
Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ապահովվելու է։
Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։
Ո՞ր անտառներն ենք աղբից ազատելու:
Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքները՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը։
Ե՞րբ ենք միանալու:
Մաքրման աշխատանքներն իրականացնելու ենք մայիսի 16-ին, ժամը 9։30-ից։
Ո՞ր հատվածն ենք մաքրելու:
Ներկայացվող հայտերի հիման վրա նախատեսված ողջ տարածքը բաժանվելու է մասնակից խմբերի միջև։ Յուրաքանչյուր խմբի կտրամադրվի իր կողմից մաքրվող տարածքի տեղադիրքը (լոկացիան)։