Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող քրեական վարույթ է նախաձեռնել, մի շարք անձինք ձերբակալվել են, հայտնել են կոմիտեից։
Նշվում է, որ կատարվել են նաև խուզարկություններ և բացահայտվել ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու ենթադրալ դեպքեր։
ՀԿԿ-ն հայտնել է, որ Սյունիքում իրականացված գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել, ըստ որոնց՝ ՌԴ Օրենբուրգ քաղաքում բնակվող հայ գործարարի շրջապատի անձինք, ենթադրաբար, ընտրողներին խոստացել են կաշառք՝ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։
Ըստ ՀԿԿ-ի՝ խոսքը պարտքերի մասնակի զիջման, աշխատանքի խոստումների և այլ առաջարկների մասին է։ ՀԿԿ-ի վարկածով՝ նույն անձինք նաև փորձել են «սպառնալիքներով ազդել Սիսիանի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունում գործողությունները քաղաքական հետապնդում են համարում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը բացառել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի կիրառումը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։
