Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացմամբ և պաշտպանական ոլորտում փորձի փոխանակմամբ, X-ի իր էջում գրել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ բանակցություններին։
«Մենք հետաքրքրված ենք համատեղ զորավարժություններով, ռազմական ակադեմիաների միջև համագործակցությամբ և Հայաստանի հետ պաշտպանական արդյունաբերության փորձի փոխանակմամբ»,- նշել է լեհ պաշտոնյան։
Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում անվտանգությունը կառուցվում է ոչ միայն ռազմական ուժով, այլև պատասխանատու գործընկերության և երկարաժամկետ համագործակցության միջոցով։ Նրա խոսքով՝ խոսքն այն երկրների մասին է, որոնք ռազմավարական մտածողություն ունեն տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։
ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում, որտեղ երկկողմ ռազմական գործակցության օրակարգի շուրջ նախատեսված են մի շարք հանդիպումներ և քննարկումներ։
