Բաքվի բանտում ապօրինի կալանավորված Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հստակեցնել, թե ով է պատասխանատու ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի պաշտպանության համար։
Դիմումի առիթ է հանդիսացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանի պատասխանը Վարդանյանի ավելի վաղ արված խնդրանքին՝ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Օմբուդսմենը հայտնել էր, որ իր մանդատը սահմանափակված է միայն Հայաստանի պետական և տեղական մարմինների կողմից թույլ տրված խախտումներով։
Իր նոր ուղերձում Վարդանյանը նշել է, որ ցավում է ՄԻՊ-ի նման պատասխանի համար, սակայն չի պատրաստվում հրապարակավ գնահատել այդ դիրքորոշումը՝ այն թողնելով «նրա խղճին»։
Վարդանյանը միևնույն ժամանակ նշել է, որ հարցեր ունի երկրի ղեկավարությանը՝ կապված գերիների հարցերի պաշտպանության հետ։
«Եթե Հայաստանի քաղաքացիների պաշտպանությունը, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում, չի մտնում Հայաստանի օմբուդսմենի մանդատի մեջ, ապա ո՞ւմ մանդատն է դա։ Ո՞վ է պետության մեջ նշանակված պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է այդ մարդը նշանակվել։ Ինչո՞ւ այդ մասին չգիտեն ո՛չ կալանավորվածների ընտանիքները, ո՛չ հանրությունը»,- ասված է ուղերձում։
Վարդանյանի խոսքով՝ Բաքվի բանտերում կան մարդիկ, որոնք արդեն վեց տարի է՝ Հայաստանի հետ կայուն կապի միջոցներ չունեն, իսկ նրանց աջակցության մեխանիզմը փաստացի ձևավորված չէ։ Նա նաև քննադատել է գերիներին անհրաժեշտ իրերի փոխանցման գործընթացը՝ այն անվանելով «ոչ թե օգնություն, այլ ողորմություն»։
«Եթե այն մարդկանց, ովքեր ատամներ չունեն, չրեր են փոխանցում, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է»,- նշել է Արցախի նախկին պետնախարարը՝ հավելելով, որ գերիների շարքում կան 70-ից բարձր տարիքի և առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք։
Վարդանյանը հարց է ուղղել վարչապետին, թե արդյոք նա տեղյակ է այս ամենից և ով է անձնապես պատասխանատու գործընթացի կազմակերպման համար։ Նա նաև տարակուսանք է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչները կարողանում են Ադրբեջան մեկնել առևտրատնտեսական հարցերով, սակայն չեն կարողանում այց կազմակերպել գերիների առողջական և իրավական վիճակին ծանոթանալու համար։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են պահվել 19 հայ գերիներ։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել է երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո ոչ մի միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին։
