Ռուսաստանն ակտիվացրել է մահափորձերի շարքը Եվրոպայում. AP

Ռուսաստանն ակտիվացրել է մահափորձերի շարքը Եվրոպայում. AP

The Associated Press-ը գրում է, որ արևմտյան հետախուզական ծառայությունների հաղորդմամբ՝ 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը զգալիորեն ակտիվացրել է քաղաքական սպանությունների և մահափորձերի ծրագրերը ողջ Եվրոպայում։

Թիրախում հայտնվել են ակտիվիստներ, դասալիքներ, զինվորականներ և Ուկրաինայի աջակիցներ։ Ֆրանսիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի և Իսպանիայի իրավապահները հետաքննում կամ արդեն կանխել են ռուսական հետքով գործողություններ, որոնք ներառում են լրտեսություն, ռմբակոծման փորձեր և կրակոցներ։

Հավանական թիրախների թվում նշվում են ռուս ակտիվիստ Վլադիմիր Օսեչկինը, Բաշկորտոստանի անկախության կողմնակից Ռուսլան Գաբասովը և անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Հետախուզության տվյալներով՝ 2018-ի Սկրիպալի թունավորումից հետո եվրոպական երկրներից ռուս գործակալների զանգվածային արտաքսման պատճառով Մոսկվան այժմ ավելի հաճախ է օգտվում քրեական տարրերի կամ հավաքագրված տեղացիների ծառայություններից։

Եվրոպական անվտանգության ոլորտի պաշտոնյաները համոզված են, որ այս գործողությունները նպատակ ունեն ոչ միայն վերացնել ընդդիմախոսներին, այլև վախի մթնոլորտ ստեղծել արտերկրում գտնվող քննադատների շրջանում։ Ռուսական կողմը պաշտոնապես հերքում է իր առնչությունը նմանատիպ գործողություններին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment