«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը, անդրադառնալով իրավապահ մարմինների տարածած հաղորդագրություններին և գաղտնալսումներին, որոնք վերաբերում են կուսակցության ներկայացուցիչների կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու դեպքերին, հայտարարել է, որ չի լսել և ոչ մի ձայնագրություն։
«Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում։ Ես գիտեմ ձայնագրությունների մասին, բայց ես ընդհանրապես չեմ լսում, որովհետև ես վստահ եմ, որ մեր կողմից ոչ մի կաշառք, ոչ մի ապօրինություն չի կատարվում և չի կատարվելու»,- շեշտել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ որևէ առնչություն չունի նման գործընթացների հետ և հավելել, որ եթե նման սխալ թույլ տված լինեին, հարյուրավոր մարդիկ էին բանտերում հայտվելու։
«Բանտարկելով մեր մարդկանց չեն կարող բանտարկել այդ մարդկանց մտքերը, չեն կարող բանտարկել այդ մարդկանց սկզբունքները, չեն կարող բանտարկել այդ մարդկանց համառությունը, և իրենք բոլոր տեղերում ունենալու են ֆիասկո։ Դուք դրանում չկասկածեք, որովհետև իրենք ամեն ինչ անում են ոչ օրենքի սահմաններում, և այդ անողները օրենքի սահմաններում պատասխան են տալիս»,- նշել է նա։
Կարապետյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։
Մարտի 30-ից իրավապահներն «Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունում այդ մեղադրանքներն անհիմն էին անվանել և կատարվածը գնահատել որպես քաղաքական հետապնդում։
Ապրիլին բերման էին ենթարկվել կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Ղումաշյանին մեղադրել էին ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանին՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։ «Ուժեղ Հայաստանի» անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 27-ին՝ ենթադրաբար ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։ Նա հացադուլ էր հայտարարել։
