
Այս համատեքստում նա նորովի է գնահատել Ալեքսանդր Նևսկուն, որ «երդում է տվել Հորդայի խաներին, իշխանական զինանշան ստացել, որպեսզի արդյունավետ դիմակայի Արևմուտքի նվաճողականությանը»։
Այդ թեզերը Պուտինը հնչեցրել է Ուկրաինայի դեմ պատերազմի երկրորդ տարում։ Ակնհայտ է, որ նա Ռուսաստանի թուրքական ինքնության ժողովուրդներին ներշնչել է պատմական անցյալի այդպիսի ընկալում, որպեսզի նրանց համախմբի «հատուկ ռազմական գործողության արդարացի նպատակներին հասնելու» պաշտոնական քարոզչության շուրջ։
Ոսկե հորդայի, իրականում՝ թուրքական աշխարհի, հետ Ռուսաստանի քաղաքակրթական համերաշխության և փոխադարձ հանդուրժողականության մասին Պուտինի պատմա-քաղաքական դիտարկումները հնչել են Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած էթնիկ զտումներից մեկ ամիս հետո։
Դա այն շրջանն էր, երբ հայ բնակչությունը բռնատեղահանված էր, բայց Ռուսաստանի «խաղաղապահ զորախումբը» դեռ Լեռնային Ղարաբաղում էր, ինչպես նաև ֆորմալ պահպանվում էր Աղդամի ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնը»։
Հետխոորհրդայյին «թուրքական աշխարհը», բայց հատկապես՝ Ադրբեջանը, Ռուսաստանի նախագահի «ռուսա-հորդայական ընդհանուր հենքի տեսության» հանդեպ, մեղմ ասած՝ «ընկալունակ չգտնվեց»։ Պուտինը ստիպված էր Լեռնային Ղարաբաղից «խաղաղապահ զորախումբը» դուրս բերել, իսկ Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» լուծարվեց։
Այսպիսով, Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման պատճառը ոչ թե Հայաստանի «արևմտամետությունը», այլ Ադրբեջանի «ռուսատյացությունն» է, որ ամրագրված է այդ երկրի սահմանադրությամբ։ Այն պաշտպանված-ապահովագրված է թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագրով, որից ետ քայլ խաղաղ-բանակցային ընթացքով բացառված է։
Ավելին, ռազմա-քաղաքական այդ դաշինքը «փաթեթավորված» է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ։ Իրականությունը սա է, որ Ռուսաստանի ռազմա-քաղաքական վերնախավի հաշվարկի հետևանք է, որի համար Հայաստանը ոչ մի պատասխանատվություն չի կրում։