Հարավային Կովկասում մեզ մոտ ոչինչ չի ստացվի, եթե երեք հանրապետությունները չմտածեն միավորող գործոնների մասին․ Ծոփուրաշվիլի

Վրաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, տնտեսագիտության դոկտոր Գոչա Ծոփուրաշվիլին Alpha Media Center-ում անցկացված «Ինչպե՞ս պահպանել սուբյեկտայնությունը նոր միջանցքների դարաշրջանում» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է իր զեկույցը՝ «Հարավային Կովկասի լոգիստիկան և տրանսպորտային հաղորդակցությունները․ միավորող գործո՞ն, թե՞ տարաձայնության խնձոր» թեմայով։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղակայված այսպես կոչված Միջին միջանցքը դարձել է աշխարհում գրավիչ թեմա։

«Հարավային Կովկասում մեզ մոտ այլ կերպ ոչինչ չի ստացվի, եթե մենք՝ երեք հանրապետություններս, չմտածենք միավորող գործոնների մասին։ Այսինքն՝ մենք պետք է ստեղծենք տնտեսական հարթակ, որտեղ բոլորս միասին կզարգանանք։ Այս իրավիճակում մենք մրցակիցներ չենք։ Մենք պետք է ստեղծենք շատ մեծ տարածք՝ մոտ 20 միլիոն բնակչությամբ, որը կունենա այնպիսի ինստիտուցիոնալ օրենքներ, կարգեր և հնարավորություններ, որոնք գրավիչ կլինեն», — ասել է նա։

Ծոփուրաշվիլիի խոսքով՝ Կովկասի թեման աշխարհագրական դիրքի պատճառով հետաքրքիր է բոլոր երկրների համար։

«Մենք պետք է բարձրանանք նույնիսկ մեր կոնկրետ պետական շահերից վեր և գնանք միմյանց ընդառաջ», — նշել է նա՝ հավելելով, որ թեև Վրաստանն ու Հայաստանը սերտ կապեր ունեն, սակայն այնպիսի տնտեսական նախագծեր, ինչպիսիք կան Ադրբեջանի հետ, չկան։

Leave a Comment