«Ուժեղ Հայաստանը» ՔՊ-ին մեղադրել է խաղամոլությունը խրախուսելու մեջ, ՔՊ-ն՝ հակադարձել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը մեղադրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին երկրում առցանց խաղատների տարածումը հովանավորելու մեջ։

Քաղաքական գործիչը, հղում անելով վիճակագրական տվյալներին, հայտարարել է, որ նախորդ տարի Հայաստանի քաղաքացիներն օնլայն կազինոներում պարտվել են 20 միլիարդ դոլար:

«Ո՞վ է պատմության մեջ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ տարօրինակ բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձա՛ծը։ Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանն աշխարհում առաջատար դիրքերում է խաղացողների թվով։

Իշխող խմբակցությունը չի համաձայնել այս գնահատականների հետ, հայտարարելով, թե վերջինս հայերենի հետ խնդիրներ ունի։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Կարապետյանի հայտարարությունները որակել է որպես մանիպուլյացիա։ Նա հայտարարել է, որ շրջանառվող 7,4 տրիլիոն դրամը ոչ թե պարտված գումարն է, այլ կատարված խաղադրույքների ընդհանուր ծավալը, պնդելով որ 95%-ը շահումների տեսքով պետք է հետ վերադարձվի քաղաքացիներին։

Անդրադառնալով ընդդիմադիր գործչի քննադատությանը՝ Թունյանը հավելել է. «Աղքատությունը հաղթահարելու մասին մտածելու փոխարեն լավ կլինի հայերեն սովորեք»։

Խաղադրույքների ոլորտում ծառայություններ մատուցող «Ֆասթ բանկը» (Fast Bank) ֆինանսավորել էր «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներն ու միջազգային աստղերի մասնակցությամբ համերգը, որն անցկացվում էր «Խաղաղության ձայնը» կարգախոսի ներքո։ Թեև միջոցառումը պաշտոնապես չէր ներկայացվում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնություն, սակայն դրա կարգախոսը նույնական էր իշխող ուժի հիմնական նախընտրական խոստման՝ «խաղաղության դարաշրջանի» թեզի հետ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ուշադրություն հրավիրվելով այն փաստի վրա, որ մեկ դոնորի կողմից իրականացված նվիրատվությունը գերազանցել է օրենքով սահմանված 10 միլիոն դրամի շեմը։

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանին, որը խաղային ոլորտի սահմանափակումների մասին օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէին ներառել ԱԺ նախընտրական ցուցակում։ Դա Սարգսյանը մեկնաբանել էր իր ու Սիմոնյանի տարաձայնություններով, որոնցից մեկը վերաբերում էր օնլայն խաղերի սահմանափակման մասին օրենքին, որին դեմ էր Սիմոնյանը։ Նշենք, որ Սարգսյանը 2025 թվականի մարտին դիմել էր վարչապետին՝ պետական պահպանություն ստանալու համար, ինչը մամուլը կապել էր նույն նախաձեռնության հետ։

Leave a Comment