15 միլիոն դոլարանոց առանձնատուն և սեր հայկական խոհանոցի հանդեպ. Ռոնալդուի արաբական կյանքը

15 միլիոն դոլարանոց առանձնատուն և սեր հայկական խոհանոցի հանդեպ. Ռոնալդուի արաբական կյանքը

Լրագրող Ալեքսանդր Ժուրավլյովը մեկնել է Էր-Ռիադ՝ ոչ միայն ֆուտբոլային հանդիպում դիտելու և հասկանալու համար, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն փոխել ֆուտբոլը Սաուդյան Արաբիայում, այլև բացահայտելու, թե որտեղ է ապրել պորտուգալացին տեղափոխությունից հետո, ինչպիսի տուն է գնել և որտեղ է սիրում համեստ ընթրել։

 

 

 

 

Առաջին ամիսը շքեղ պայմաններում

2023 թվականին «Ալ-Նասր» տեղափոխվելուց անմիջապես հետո Կրիշտիանու Ռոնալդուն բնակություն հաստատեց Էր-Ռիադի հայտնի Four Seasons Hotel Riyadh at Kingdom Centre հյուրանոցում, որը գտնվում է «Քինգդոմ սենթր» աշտարակում։

Հյուրանոցի գլխավոր սրահը տպավորիչ է՝ շուրջ 10 հարկի բարձրություն ունեցող առաստաղներով։ Ռոնալդուն վարձակալել էր միանգամից երկու հարկ՝ 49-րդն ու 50-րդը։ Մեկը նախատեսված էր ընտանիքի համար, մյուսը՝ անձնական օգնականների ու աշխատակիցների։

Ընդհանուր տարածքը կազմել է մոտ 400 քառակուսի մետր՝ 17 սենյակով։ Ներսում եղել են մի քանի ննջասենյակ, ճաշասրահներ, մեծ զգեստապահարաններ, պահեստային սենյակներ և ժամանակակից արվեստի գործեր։ Պատուհաններից բացվել է Էր-Ռիադի համայնապատկերը։

Ռոնալդուն օգտվել է առանձին վերելակից, մարզասրահից, լողավազանից, սպա-կենտրոնից և թենիսի կորտերից։ Ամսական նման շքեղ կեցությունը գնահատվում է շուրջ 300 հազար դոլար, սակայն, ըստ տեղեկությունների, ֆուտբոլիստից վճար չեն գանձել։ Նույնիսկ հյուրանոցի ռեստորաններում նրա բոլոր ծախսերը հոգացել է տնօրինությունը, թեև Ռոնալդուի հետ ապրել է նաև նրա անձնական խոհարարը։

15 միլիոն դոլարանոց առանձնատունը

Ֆուտբոլիստի մշտական բնակության հասցեն գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ տունը գտնվում է Էր-Ռիադի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Ալ-Մուհամադիայում (Al Muhammadiyah):

Այստեղ կառուցված են ժամանակակից առանձնատներ՝ մեծ համայնապատկերային պատուհաններով, բաց պատշգամբներով և մարմարե ցանկապատերով։ Թաղամասում կան ընդարձակ զբոսանքի գոտիներ, թանկարժեք ռեստորաններ, բրենդային խանութներ, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքներ՝ ֆուտբոլային դաշտեր ու թենիսի կորտեր։

Ռոնալդուն իր առանձնատունը գնել է մոտ 15 միլիոն դոլարով։ Այն գտնվում է «Ալ-Նասրի» մարզադաշտից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա։

Սաուդյան Արաբիայի նոր կերպարը

Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան ակտիվորեն փոխվում է։ Երկրի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը 2016 թվականին ներկայացրեց «Տեսլական 2030» (Vision 2030) ծրագիրը, որի նպատակն է տնտեսությունը պակաս կախված դարձնել նավթից և զարգացնել նոր ոլորտներ, այդ թվում՝ ժամանցն ու սպորտը։

Մինչև 2018 թվականը երկրում նույնիսկ կինոթատրոններն ու համերգները սահմանափակված էին, իսկ այսօր իշխանությունները հսկայական ներդրումներ են կատարում ֆուտբոլի և զբոսաշրջության մեջ։ Ռոնալդուի նման աստղի տեղափոխությունը դարձել է այդ ռազմավարության առանցքային մասը։

Ռոնալդուի սիրելի հայկական ռեստորանը

Հետաքրքիր է, որ Ռոնալդուն իր ծննդյան տարեդարձը նշել է հայկական «Լավաշ» (Lavash Restaurant) ռեստորանում։

Ռեստորանը երեքհարկանի է՝ հիմնական սրահով, VIP գոտիով և տեռասով։ Սկզբում այստեղ ծնունդն էր նշել Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իսկ մի քանի օր անց նույն վայրում տոնել է նաև ֆուտբոլիստը։

Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ առաջին անգամ Ռոնալդուն ընտանիքի հետ նստել է առանձնացված հատվածում, իսկ երկրորդ այցելության ժամանակ՝ առաջին հարկի կենտրոնում՝ սովորական այցելուների կողքին։ Չնայած աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը լինելուն՝ նա չի փակել ամբողջ ռեստորանը և նախընտրել է համեստ ձևաչափ։

Աշխատակիցները պատմում են, որ Ռոնալդուն եղել է շատ բարեհամբույր ու հարգալից, մշտապես շնորհակալություն է հայտնել անձնակազմին և առատ թեյավճար թողել։

Ֆուտբոլիստը պատվիրել է ռեստորանի ֆիրմային ուտեստը՝ քաբաբը, ինչպես նաև հայկական տարբեր նախուտեստներ ու աղցաններ։ Նրան դուր են եկել նաև աղանդերը, այդ թվում՝ ծննդյան տորթը։ Թեև թվում է, թե Ռոնալդուն երբեք քաղցրավենիք չի ուտում, այդ երեկո նա իրեն մի փոքրիկ կտոր թույլ է տվել։

Leave a Comment