«Մարդկանց ամենաշատը հետաքրքրում է, թե ինչպես հնարավորինս շուտ ազատվել Փաշինյանի իշխանությունից: Նրանք խորապես դժգոհ են, որ անցած ութ տարիների ընթացքում իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել Արարատյան դաշտի կյանքը բարելավելու համար»,- այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը` անդրադառնալով Արմավիրի և Արարատի բնակիչների հետ իր հանդիպմանը:
Կարապետյանի խոսքով իր համար անակնկալ էր իմանալ, որ Արարատյան դաշտում մշակվում է գյուղատնտեսական հողերի ընդամենը 10 տոկոսը:
«Մարդիկ չեն հասկանում, թե ինչպես իրենք կարող են իրացնել իրենց արտադրանքը: Շատերին դուր էր եկել մեր գաղափարը՝ ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի առք ու վաճառքի կետեր, որտեղ նրանք արդեն տարվա սկզբում կկարողանան հաշվարկել իրենց շահույթը: Մեր առաջարկների իրականացման արդյունքում ժողովրդի կյանքը զգալիորեն կլավանա»,- ընդգծել է Կարապետյանը:
Պատասխանելով թուրքական ԶԼՄ-ներում տարածված հրապարակումներին,թե հնարավոր է՝ հունիսի 4-ին Արեւմտյան սահմանը Թուրքիայի հետ բացվի, Կարապետյանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Փաշինյանին նախընտրական «նվերներ» անել:
«Նախընտրական շրջանում և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պատրաստվում են Փաշինյանին «նվերներ» մատուցել, քանի որ դրանից է կախված նրա հետագա ընտրվելը: Մեր քաղաքական ուժը սա լավ հասկանում է: Մենք ձգտելու ենք բնական հարաբերությունների Թուրքիայի հետ, սակայն դրանք պետք է հիմնված լինեն բացառապես Հայաստանի շահերի վրա: Մենք չենք կարծում, որ պետական սահմանը բացելը կենսական նշանակություն ունի, քանի որ դա կարող է վնասել մեր երկրին ու գյուղատնտեսությանը: Ուստի մենք կկիրառենք որոշակի սահմանափակումներ, բացառապես ելնելով Հայաստանի և մեր ժողովրդի շահերից»,- եզրափակել է Կարապետյանը: