Սահմանափակ ռազմական գործողությունները բանակցային գործընթացի մաս են. Գանտահարյան

Սահմանափակ ռազմական գործողությունները բանակցային գործընթացի մաս են. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Պարոն Գանտահարյան, ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարծես նորից են սրվում. Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրանական նավեր է խոցել, իսկ Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է քաղաքացիական նավերի վրա հարձակվելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը։

– Կարծում եմ՝ սրանք սահմանափակ, մասնակի գործողություններ են․ բանակցությունները շարունակվում են, մեծ մասամբ՝ ոչ հրապարակային։ Առաջարկներ ու նախագծեր են հղվում, վերախմբագրվում, և որոշ կետերի շուրջ քննարկվում են տարբեր մոտեցումներ։ Ռազմական գործողությունները փոխկապակցված են բանակցությունների ընթացքին։

– Արդյո՞ք կրկին ականատես կլինենք ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման։

– Հակված եմ մտածելու, որ ռազմաբախումները լայնածավալ տեսք չեն ստանա։ Պաշարելով Իրանի ծովային ելքերը՝ ԱՄՆ-ն փոխեց «ռազմախաղի» կանոնները։ Տնտեսական ճնշումը հանգեցնելու է բանակցային սեղանի շուրջ գործարքի կայացմանը։ Բայց մինչ այդ լինելու են ցնցումներ, «տուրբուլենտային գոտիներ», սակայն ոչ՝ լայնածավալ պատերազմի վերսկսում։

– Ի՞նչ եք կարծում՝ Իսրայելը ևս կմիանա՞ Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե հանկարծ դրանք վերսկսվեն։

– Հիմա ավելի շուտ տեսնում ենք Վաշինգտոնի կողմից Իսրայելի վրա զսպման ճնշում․ դա ակնհայտ է Լիբանանում, որտեղ գործողությունները սահմանափակվել են միայն հարավային հատվածում։ Իսրայելն անհանգստացած է Իրան-Վաշինգտոն հնարավոր համաձայնությունից։

– Իրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցի հարցը չունի ռազմական լուծում։ Սա ի՞նչ է նշանակում։

– Սա բանակցային ուղին գերադասելու ուղերձ է, գործարքի գնալու տրամադրվածության և պատրաստակամության փոխանցում։

– ԱՄՆ-Իրան երկխոսության շարունակություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Կարծում եմ՝ այո։ Միջնորդավորված երկխոսությունն ու բանակցությունն ինչ-որ պահի կդառնան ուղղակի։ Դա արդեն կնախանշի գործարքի շեմին լինելը։

– ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել էր, թե Իրանում գործողություններն ավարտված են։ Սա ի՞նչ է նշանակում՝ պատերազմի ավա՞րտ, թե՞ ինչ։

– Կողմերը մոտ են գործարքի։ Քաղաքական կանխատեսումը, թվում է, իրականանում է․ եթե, իհարկե, նոր խանգարիչ տարր չլինի։ 

Արման Գալոյան

Leave a Comment