87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի գործարար և մեդիամենեջեր, CNN հեռուստաընկերության հիմնադիր Թեդ Թըրները։ Այս մասին հայտնել է իր իսկ հիմնադրած հեռուստաընկերությունը։
«Թեդը գործին խորապես նվիրված առաջնորդ էր՝ խիզախ, անվախ և միշտ պատրաստ վստահելու սեփական բնազդին ու դատողությանը: Նա եղել է և միշտ կլինի CNN-ի ոգեշնչողը», – հայտարարել է CNN Worldwide-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարկ Թոմփսոնը։
Թըրները ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 19-ին Օհայո նահանգի Սինսինատի քաղաքում՝ գովազդային գործակալության սեփականատիրոջ ընտանիքում:
1980 թվականին Թըրները հիմնադրեց CNN-ը (Cable News Network)՝ դառնալով աշխարհում առաջինը, ով ներդրեց շուրջօրյա լրատվական հեռարձակման ձևաչափը։ Հեռուստաընկերության գլխավոր նորամուծությունը դարձավ լուրերի օպերատիվ փոխանցումը, իսկ հետագայում՝ իրադարձությունների ուղիղ հեռարձակումը իրական ժամանակում, ինչը հեղափոխեց համաշխարհային մեդիադաշտը։
