Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ խնդրելով ականջալուր լինել արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խնդրանքին՝ այցելել իրենց ու ավելի մանրամասն տեղեկանալ դատական ողջ պրոցեսին։
«Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունն ու վճռականությունը՝ այցելելու, նաև մեզ տեսնելու, և այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա և կծանոթանա, թե ինչպես է ընթացել ամբողջ քննությունը, ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել թե՛ ամբողջ քննությունը, թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով»,- ասել է նա իր ձայնագրության մեջ։
Նա նշել է, որ իր վերջին խոսքում չի կարողացել ասել ամբողջն, ինչ կկամենար, քանի որ նվազագույնը 30-40%-ով այդպես էլ չեն թողել իր վերջնական խոսքը ասել։
«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա»,- վերահաստատել է նա իր ելույթում արտահայտած մտքերը։
Իշխանյանը տեղեկացրել է որ իրենց այցելել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան, և իրենք որոշ տեղեկություններ են փոխանցել նրան։
«Երեկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել»,- պատել է ԱԺ նախագահը։
Նա խնդրել է Մանասյանին իր կապերով ստանալ այդ վճիռներն ու փոխանցել ընտանիքին։
Վարդանյանն ապրիլի 21-ին ՄԻՊ-ին կոչ էր արել այց կազմակերպել Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու։ Մանասյանը, ըստ էության, մերժել էր այդ կոչը՝ պարզաբանելով, որ պաշտպանի գրասենյակի կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ։
Արցախի ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։
