Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հնարավորություն կունենա ինքնուրույն իրականացնել հեռախոսային հաղորդակցության վերահսկում՝ օգտագործելով սեփական տեխնիկական ենթակառուցվածքները հայտարարել է ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Ազգային ժողովում՝ ներկայացնելով համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Գրիգորյանի խոսքով՝ ներկայումս ծառայությունն օրենքով արդեն իսկ ունի հեռախոսային հաղորդակցության վերահսկում իրականացնելու իրավունք, սակայն նախագծով առաջարկվում է թույլատրելի դարձնել այդ գործողությունների կատարումը «ինքնուրույն և սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով»։ Սա նշանակում է, որ ԱՀԾ-ն այլևս կախվածություն չի ունենա Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տեխնիկական միջոցներից։
Բացի այդ, օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել ծառայության աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման կարգը։ ԱՀԾ պետին կվերապահվի լիազորություն՝ սահմանելու զենքի տեսակների ցանկը, դրանց պահման և հատկացման կանոնները։
ԱՀԾ-ն ստեղծվել է 2022 թվականի վերջին՝ որպես ինքնուրույն մարմին, որն ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին։ Նախկինում հետախուզական գործառույթները բաշխված էին Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության միջև։
