
Շուրջ կես դար պահպանվող այդ համաձայնությունը, երևում է, փորձության է ենթարկվում։ Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ շուրջ երեք տասնյակ դեմոկրատ-կոնգրեսականներ նամակով դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և պահանջել, որ Սպիտակ տունը պաշտոնապես ճանաչի, որ Իսրայելը միջուկային զենք ունի։ Նախաձեռնության հեղինակը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Հոակին Կաստրոն է։
Ամերիկացի օրենսդիրները հիմնավորել են, որ մարտ ամսին Իրանը հրթիռակոծել է Արադ քաղաքը և միջուկային ուսումնասիրությունների Դիմոն կենտրոնի «մերձավոր շրջակայքը», ինչը վկայում է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի «հնարավորությունների մասին պատկերացումները չափազանցված» են Կոնգրեսականների գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները «Իսրայելի կարմիր գծերի մասին հիմնավորապես տեղեկացված» չէ։
Նրանք զգուշանում են, որ Իրանի կողմից «կրիտիկական հարվածների դեպքում Երուսաղեմը կարող է միջուկային զենք կիրառել», ուստի համարում են, որ Միացյալ Նահանգները պետք է «հրապարակայնացնի Իսրայելի միջուկային զինանոցը»։ Որքանով հասկացվում է, դեմոկրատ-կոնգրեսականները մտահոգված են, որ Իրանի դեմ Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու դեպքում միջազգային պատասխանատվությունը կհասցեագրվի Միացյալ Նահանգներին, ուստի նպատակահարմար են տեսնում, որպեսզի Սպիտակ տունը ապրիորի ապահովագրվի։
Բարձրացված խնդիրը չափազանց զգայուն է։ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ միջուկային զենք ստեղծելու Իրանի իրավունքը չի ճանաչել, իսկ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ դա երբեք թույլ չի տա։
Իրանա-ամերիկյան դիմակայության վճռական փուլում Վաշինգտոնը չի կարող Իսրայելը ճանաչել միջուկային տերություն, բայց նույն իրավունքից զրկել Իրանին։ Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների, Վաշինգտոնը նաև «զսպում» է Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների միջուկային հավակնությունները։
Տպավորություն է, թե Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ խաղաղ պայմանավորվելու հեռանկար չի տեսնում։ Մնում է «ընդունել, որ Իսրայելը միջուկային զենք ունի, իսկ Իրանը չափազաանց մոտ է դրան»։ Գուցե գործի «փոխադարձ զսպվածության» սկզբունքը։ Այն, ինչ սառը պատերազմում առաջարկել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թեթչերը։ Իսկ եթե դա Մերձավոր Արևելքը մատնի սպառազինությունների մրցավազքի՞։ Թուրքիան հայտարարել է նոր, վեց հազար կիլոմետր հեռահարության բալիստիկ հրթիռ ունենալու մասին։