
Երևանյան երկխոսության շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության գլոբալ կառավարման ամրապնդումը ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով։
Նախարարն իր խոսքում նշել է, որ կենսաբազմազանության գլոբալ ճգնաժամն արդեն իրական և խորացող մարտահրավեր է՝ ընդգծելով դրա փոխկապակցվածությունը կլիմայի փոփոխության և կայուն զարգացման օրակարգի հետ։
Նախարարը կարևորել է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի ընդունումը՝ միաժամանակ շեշտելով, որ անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների և փակել պարտավորությունների ու իրականացման միջև եղած բացը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը, որպես COP17-ի նախագահող երկիր, հանձնառու է առաջ մղելու կիրառելի և արդյունքահեն օրակարգ՝ նպատակ ունենալով արագացնել առաջընթացը մինչև 2030 թվականը։ Անդրադարձել է նաև կենսաբազմազանության ինտեգրմանն ազգային քաղաքականություններում, նորարարությունների կիրառմանն ու բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածության կարևորությանը։
Եզրափակելով՝ նախարարը նշել է, որ Երևանյան երկխոսությունը կարևոր հարթակ է համատեղ լուծումների ձևավորման և միջազգային համագործակցության ամրապնդման համար՝ հանուն բնության պահպանության և կայուն ապագայի։