ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի վերաբերյալ՝ ընդգծելով դրա պատմական նշանակությունը։
Գրասենյակը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես ԵՄ-ի պատրաստակամություն՝ անմիջականորեն ներգրավվելու հայ հասարակության հետ։ Միևնույն ժամանակ շեշտվել է, որ դիվանագիտական ներկայությունը պետք է վերածվի կոնկրետ քայլերի՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ թեև գագաթնաժողովը կարող է «նոր գլուխ» բացել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, դրա հիմքում ընկած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) ենթադրում է խորքային բարեփոխումներ՝ դատական համակարգում, ինստիտուցիոնալ կայունության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ոլորտներում։ Ընդգծվում է ընտրական գործընթացների ամբողջականության, ընդդիմության իրավունքների և լրատվամիջոցների անկախության ապահովման անհրաժեշտությունը։
Գրասենյակն անդրադարձել է նաև գագաթնաժողովի համատեղ հռչակագրում նշված առաջնահերթություններին՝ էներգետիկա, կապակցվածություն և թվային ենթակառուցվածքներ՝ հարց բարձրացնելով, թե ինչպես այդ ուղղությունները կազդեն Հայաստանի անմիջական անվտանգության վրա՝ առանց տարածաշրջանային ագրեսիայի նկատմամբ հստակ դիրքորոշման։
Միևնույն ժամանակ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մտահոգություն է հայտնել, որ գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում բացակայել է Արցախի հարցը։ Հիշեցվել է Եվրոպական խորհրդարանի 2026թ․ ապրիլի 30-ի բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, պահանջում է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակում և կոչ անում պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը։
Հայտարարության համաձայն՝ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը չի անդրադարձել այս հարցերին, ինչը հակասում է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմանը՝ տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման վերաբերյալ։
Գրասենյակը կոչ է արել ԵՄ-ին դուրս գալ միայն տնտեսական համագործակցության շրջանակներից և ձեռնարկել գործնական քայլեր՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային համագործակցությունը չպետք է իրականացվի արդարության հաշվին։
Մայիսի 4-ին Երևանում տեղի էր ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում 50 երկրի պատվիրակություն էր ժամանել Հայաստան։ Գագաթնաժողովներին զուգահեռ՝ Երևանում անցկացվել էին ակցիաներ՝ Բաքվում պահվող հայ գերիների և Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։