Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում։ Երիտասարդների ձայնը՝ որպես փոփոխության սկիզբ․ հենց այս գաղափարով է մեկնարկել Մարդու իրավունքների պաշտպանի նոր նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։
«Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրից Քրիստինա Հասոյանը դարձել է ծրագրի առաջին մասնակիցը՝ մեկ օր անցկացնելով Պաշտպանի հաստատությունում և ներգրավվելով աշխատանքային գործընթացներին։
Որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ նա բարձրացրել է իր համայնքին առնչվող կարևոր հարցեր՝ կրթության իրավունքի երաշխավորման, երիտասարդների հնարավորությունների կատարելագործման, ինչպես նաև վաղ ամուսնությունների կանխարգելման խնդիրները։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նախագծի մեկնարկին ընդգծել է, որ նպատակն է երիտասարդների ձայնը դարձնել լսելի և նրանց ներգրավել իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ ոչ միայն մայրաքաղաքից, այլ նաև մարզերից և գյուղական համայնքներից։
Պաշտպանը նաև շեշտել է, որ կարևոր արդյունքներից մեկն այն է, որ երիտասարդներն իրենք են սկսելու բացահայտել և բարձրաձայնել իրենց միջավայրում առկա խնդիրները՝ դառնալով փոփոխությունների նախաձեռնողներ։
Օրվա ընթացքում Քրիստինան մասնակցել է քննարկումների, հանդիպումների և ծանոթացել հաստատության աշխատանքին՝ տեղում տեսնելով, թե ինչպես են գաղափարները վերածվում գործողությունների։
«Եթե երիտասարդ ես, ակտիվ և ուզում ես պատասխանատվություն ստանձնել քո միջավայրում փոփոխություններ բերելու հարցում՝ այս նախագիծը հենց քեզ համար է», – այս ուղերձով Պաշտպանը դիմում է բոլոր երիտասարդներին՝ ընդգծելով, որ հենց նրանք կարող են դառնալ մեր միջավայրում մեծ փոփոխություններ իրականացնողները»,-ասված է հաղորդագրության մեջ։