Ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարբած վիճակում մեքենա վարելու համար, հայտնել է The Washington Post-ը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ աստղը գործարք է կնքել քննության հետ, ինչի շնորհիվ խուսափել է իրական բանտային կալանքից: Սփիրսն անձամբ ներկա չի գտնվել դատական նիստին. նրա շահերը ներկայացնող փաստաբանը դատարանում ընդունել է երգչուհու մեղքը «wet reckless» (ալկոհոլի հետ կապված նվազ ծանր իրավախախտում-խմբ.) հոդվածով:
Դատարանի որոշմամբ՝ երգչուհու նկատմամբ՝ նշանակվել է մեկ օրվա բանտարկություն, որը համարվել է կրած՝ ձերբակալության պահին կալանքի տակ գտնվելու հաշվին: Բացի մեկ տարվա պայմանական ժամկետից, Սփիրսը պարտավոր է վճարել տուգանքներ և անցնել հատուկ դասընթացներ, որոնք նախատեսված են նմանատիպ իրավախախտում թույլ տված անձանց համար:
Դախազությունը պարզաբանել է, որ նմանատիպ գործարքը ստանդարտ ընթացակարգ է այն մեղադրյալների համար, ովքեր նախկինում չեն ունեցել նման խախտումներ, չեն առաջացրել ճանապարհատրանսպորտային պատահարներ և արյան մեջ ունեցել են ալկոհոլի ցածր մակարդակ:
Միջադեպը տեղի էր ունեցել մարտի սկզբին, Կալիֆոռնիայում: Ոստիկանությունը վտանգավոր վարման պատճառով կանգնեցրել էր երգչուհու BMW մակնիշի մեքենան։ 44-ամյա երգչուհուն մեղադրանք էր առաջադրվել ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու համար, որից հետո նա վերականգնողական կենտրոնում բուժման կուրս էր անցել:
Սփիրսը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին: Նրա կարիերան ուղեկցվել է մի շարք սկանդալներով և իրավական խնդիրներով: 2021 թվականի նոյեմբերին դատարանի որոշմամբ դադարեցվել էր նրա հոր խնամակալությունը, որի տակ երգչուհին գտնվում էր ավելի քան 13 տարի։
