Միջամտություն ներքին քաղաքականությանը․ Վրաստանի ԱԳՆ-ն՝ ԵԽ զեկույցի մասին

Վրաստանի իշխանություններին քննադատող Եվրախորհրդարանի զեկույցը միջամտություն է երկրի ներքին քաղաքականությանը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է Gruzia online-ը։

Մայիսի 5-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն հաստատել է զեկույցը, որը նկարագրում է Վրաստանում ժողովրդավարության նահանջը։ Այն նաև աջակցություն է հայտնում երկրի ընդդիմադիր տրամադրված բնակչությանը և մերժում է երկրի խորհրդարանի լեգիտիմությունը 2024 թվականի ընտրություններից հետո և նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել երկրի իշխանությունների նկատմամբ։

«Զեկույցը ներկայացնում է հասարակության մեջ բևեռացում հրահրելու, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը ժողովրդից բաժանելու և հասարակությունում հակաժողովրդավարական և արմատական ​​տրամադրություններ արթնացնելու ևս մեկ փորձ։ Վրացական հասարակության դեմ սպառնալիքներն ու շանտաժը անընդունելի են, քանի որ դրանք համարվում են միջամտություն երկրի ներքին քաղաքականությանը և առաջացնում են ցանկացած ինքնիշխան պետության արդարացի վրդովմունքը», – ասվում է հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունը նաև անընդունելի է համարել ԵՄ ինստիտուտների օգտագործումը վրացական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հարձակվելու համար։

«Եվրոպական հաստատության կողմից նման անարդար վերաբերմունքը խաթարում է Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները և վնասում մեր ընդհանուր շահերին», – ընդգծել է Արտաքին գործերի նախարարությունը։

Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության համար և ակնկալում է կառուցողական և արդար մոտեցում ԵՄ հաստատություններից։

Leave a Comment