Տվյալների թարմության եւ միասնական համակարգի ապահովման նպատակով փոփոխություններ են առաջարկվում «Տարածական տվյալների մասին» օրենքում

Նախագծի նպատակն է զարգացնել եւ կատարելագործել տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքը: Այս մասին մայիսի 5-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա քննարկման է ներկայացրել ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Նշվել է, որ տարածական տվյալների ոլորտի զարգացումը եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում: Դրա վերաբերյալ դրույթներ են ներառվել դեռեւս 2020 թվականի Կառավարության գործունեության ծրագրում, ինչի արդյունքում ընդունվել է համապատասխան ռազմավարական ծրագիր: Հետագայում մշակվել են ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Տարածական տվյալների մասին» օրենքը:

Սուրեն Թովմասյանի խոսքով ներկայումս իրականացվում են շարունակական քայլեր տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ: Գործարկվել է Հայաստանի Հանրապետության ազգային պորտալը, իսկ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է նոր ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է ներդնել առավել հարմարեցված եւ ընդլայնված գործիքակազմ ունեցող էլեկտրոնային համակարգ:

Օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել տեղեկատվական շտեմարանների թարմությունն ապահովող գործիքակազմ: Նախատեսվում է տարածական տվյալներն ինտեգրել միասնական համակարգում՝ ապահովելով դրանց մշտական եւ արդիական թարմացումը:

Մասնավորապես, առաջարկվում է թույլտվություններ եւ լիցենզիաներ պահանջող գործունեությունները ներառել տարածական տվյալների ենթակառուցվածքում: Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո տրամադրվող թույլտվությունների եւ լիցենզիաների վերաբերյալ տվյալները սահմանված ժամկետում պետք է ներառվեն միասնական համակարգում՝ տրամադրող մարմինների կողմից:

Արդյունքում, տեղեկատվությունը հասանելի կլինի ոչ միայն թույլտվություն տրամադրող մարմնին, այլեւ այլ պետական կառույցներին՝ ապահովելով տվյալների փոխանակման արդյունավետություն եւ համակարգի շարունակական արդիականություն:

Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն տարածական տվյալների համակարգված կառավարմանը, պետական մարմինների միջեւ տեղեկատվության հասանելիության բարձրացմանը եւ տվյալների մշտապես թարմ վիճակի պահպանմանը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացել է Հայկ Ցիրունյանը:

Leave a Comment