Բողոքի ակցիա քաղբանտարկյալներին ազատելու կոչով՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի համատեքստում

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին զուգահեռ Երևանում նախագահական նստավայրի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով։

Այն կազմակերպել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունն՝ ի դեմս փոխնախագահ Արմեն Աշոտյանի, և նպատակ ուներ նստավայրում անցկացվող միջոցառման օտարերկրացի մասնակիցներին լսելի դարձնել իր բողոքի ձայնը։

Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին կալանավորված հասարակական և քաղաքական գործիչների լուսանկարները, ինչպես նաև «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Քահանան բանտում է», «Վերադարձը իրավունք է, ոչ թե խնդրանք» գրությամբ պաստառներ։ Մասնակիցների խոսքով՝ ԵՄ քաղաքական հանրությունը պետք է իմանա, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում, որ ժողովրդավարության շղարշի տակ ՀՀ ներկայիս իշխանությունները առաջ են մղում միայն սեփական իշխանությունը պահելու օրակարգը։

«Նախկինում պետականության խորհրդանիշ հանդիսացող այս շենքի վրա կախված է եռագույնը և ԵՄ դրոշը։ Տեսարանն ինքնին լավն է, վատ է այն մարդը, ով ներկայացնում է Հայաստանը, ով հասցրել է մեզ այն վիճակին, որ պետական ատրիբուտները կորցրել են պետականության և ինքնիշխանության իմաստը։ Վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մաս»,- նշել է Աշոտյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումը «գեղջկական ակումբի համերգի» տպավորություն է թողնում, որտեղ «աբորիգեն հայերը» երգ ու պար են անում «սպիտակ տերերի» մոտ։

Աշոտյանը «ամոթալի» է որակել այն փաստը, որ գագաթնաժողովին տեսակապով մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքներին հայկական կողմից չեն հակադարձել, այլ միայն եվրոպական կողմն է արձագանքել։

«Պարզվեց Ռոբերտա Մեցոլան (ԵԽ նախագահ) ավելի լավ «տղա» է, քան Փաշինյանը, ով նստած էր այնտեղ և «պո՛ւ» անգամ չհանեց ի պաշտպանություն հայկականության և հայության։ Ցավալի փաստ է, բայց որքան էլ քննադատում ենք եվրոպական ղեկավարներին իրենց երկդիմի պահվածքի համար, երեկ տեսանք, որ երբ պահը հասնում է հենց իրենց շահերին, իրենք լա՜վ էլ կարողանում են արտահերթ ելույթներ ունենալ և պաշտպանել մեր, իրենց շահը»,- նշեց նա։

Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տնտեսական շփումներին, հայտարարեց, որ պարարտանյութի, անասնակերի և բենզինի ներկրմանը զուգահեռ հայկական կողմը հնարավորություն ուներ հասնելու նաև գերիների հայրենադարձմանը։

Արմեն Աշոտյանը, ով իր հերթին որոշակի ժամանակ է անցկացրել անազատության մեջ, իրականացրեց խորհրդանշական մինի-ակցիա՝ օգտագործելով բանտից իր հետ բերված մետաղյա սպասքը։ Նա բանտային բաժակն ու ափսեն հարվածում էր իրար և անգլերենով պահանջում քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Այս գործողությունից հետո ոստիկանական ուժերը նրան և ակցիայի մասնկակիցներին հարկադրեցին տեղափոխվել Սիրահարների այգու տարածք, որտեղ շարունակվեցին ելույթները։

Այգու տարածքից թեև հնարավոր էր լսելի լինել նստավայրում գտնվող հյուրերին, սակայն ճաղավանդակները պատնեշ հանդիսացան՝ անհնար դարձնելով մոտենալը գագաթնաժողովին մասնակցող եվրոպացի առաջնորդներին։ Այնուամենայնիվ, ոստիկանական մեծաքանակ ուժերը շարունակեցին խստորեն հսկել ակցիայի ընթացքը նաև այգու տարածքում։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Եվրոպան հյուրընկալվել է մի երկրում, որտեղ կան 50-ից ավելի քաղբանտարկյալներ, իսկ իշխանությունները պատերազմում է եկեղեցու դեմ։

«Մենք բացարձակ հույս չունենք, որ կառավարիչները դրա մասին կխոսեն, կառավարիչները նույնիսկ չեն խոսում, երբ Ադրբեջանի նախագահը Բաքվից այստեղ տեսակապով «հաթաթա» է տալիս, բայց դուք միշտ խոսել եք այդ արժեքների մասին, հիմա դուք պետք է որոշեք՝ ավելի շատ ծառայում եք աշխարհաքաղաքակա՞ն շահերին, թե՞ իրական արժեքներին ու ձեր իսկ պաշտպանած գաղափարներին։ Մեզ համար սա անընկալելի է։ Բարով եք եկել, շատ լավ է, որ հեփի վիքենդ են անցկացրել, բայց դա հայ ժողովրդի շնորհքն է և ոչ թե Նիկոլի»,- նշել է նա։

Նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն արձագանքեց Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը կախված չէ առանձին առաջնորդներից։

Նա նշեց, որ Ֆրանսիայի նախագահին Հայաստանում միշտ լավ են ընդունելու հենց այդ բարեկամության շնորհիվ, ինչը կապ չունի ո՛չ Մակրոնի և ո՛չ էլ առավել ևս՝ Փաշինյանի հետ:

«Ինչ վերաբերվում է իրենց այստեղ գալուն և Նիկոլին (Փաշինյան-AT) շատ մեծ ռեվերանցներ անելուն, ակնհայտ է, որ այն քաղաքական ուղին, որ այսօր Նիկոլն ընտրել է, նոր տերերի փնտրտուքը հասել է իր ավարտին, այլևս պիտի արևմուտքի կողմից ստացված «պեչատներով» ինքը շարունակի իր իշխանազավթումը»,- նշել է նա։

Կազմակերպիչները հիշեցրել են նաև, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը հանդիսացող Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ)-ի պայմանագիրը ստորագրվել է նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի օրոք։

Leave a Comment