Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին




Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամների հետ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաև գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում: Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։ Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայցելի նաև Գյումրի, որտեղ նրանք կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգի։  


 


 


Leave a Comment