Չինաստանի Հունան նահանգում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 21 մարդ, 61-ը վիրավորվել են, հայտնել է BBC-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Huasheng Fireworks գործարանում, փրկարարները տարհանել են մարդկանց։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է մոտ 500 մարդ, օգտագործվել են նաև ռոբոտներ՝ փլատակներում գտնվողներին գտնելու համար։ Պայթյունի պատճառները պարզելու նպատակով իրականացվում է քննություն, իսկ ընկերության պատասխանատուի նկատմամբ կիրառվել են «վերահսկման միջոցներ»։
Իշխանությունները հայտնել են, որ գործարանի տարածքում գտնվող վառոդի երկու պահեստ ներկայացնում էին բարձր վտանգ փրկարարական աշխատանքների ընթացքում։ Երկրորդական պայթյունները կանխելու համար իրականացվել են լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ տարածքի խոնավեցում։
Նշվում է, որ պայթյունն այնքան ուժեղ էր, որ մոտակայքում գտնվող բնակելի շենքի պատուհանները նույնպես կոտրվել են։ Վիրավորների տարիքը 20-ից 60 տարեկան է, նրանցից մի քանիսը վնասվածքներ են ստացել թռչող բեկորներից։
