21 զոհ և 61 վիրավոր. պայթյուն Չինաստանի հրավառությունների գործարանում

21 զոհ և 61 վիրավոր. պայթյուն Չինաստանի հրավառությունների գործարանում

Չինաստանում հրավառությունների գործարանի պայթյունի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ 61-ը։ Միջադեպից հետո երկրի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել. հայտնում են պետական լրատվամիջոցները։

Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հունան նահանգի մայրաքաղաք Չանշայում, որը հրավառությունների արտադրության խոշոր կենտրոն է։

Տեսանյութերում երևում է, թե ինչպես է թանձր ծուխը բարձրանում փլուզված շենքերից, իսկ տարածքում բեկորներ են սփռված: South China Morning Post-ի տվյալներով՝ դեպքի վայրում աշխատել են մոտ 500 հրշեջներ, փրկարարներ և բժշկական անձնակազմ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել «Huasheng Fireworks Manufacturing and Display Company» ընկերությունում։

Նախագահ Սին կոչ է արել արագ հետաքննություն իրականացնել՝ պայթյունի պատճառները պարզելու և մեղավորներին խիստ պատասխանատվության ենթարկելու համար։ Նա նաև հանձնարարել է իշխանություններին ուժեղացնել ռիսկերի ստուգումն ու վտանգների վերահսկումը հիմնական արդյունաբերական ճյուղերում՝ ապահովելու մարդկանց կյանքի և գույքի անվտանգությունը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ անցյալ տարի Չինաստանն արտահանել է 1,14 միլիարդ դոլարի հրավառություն, ինչը կազմում է համաշխարհային վաճառքի ավելի քան երկու երրորդը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment