Հայաստանը և Թուրքիան Երևանում ստորագրել են պատմական Անիի կամրջի վերականգնման մասին արձանագրություն, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ X-ի իր էջում։
Կառավարության ղեկավարը նշել է, որ «արդյունավետ զրույց» է ունեցել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ, ով Երևանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին։ Ըստ Փաշինյանի՝ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։
Հայկական կողմից Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին փաստաթուղթը ստորագրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Կամրջի վերականգնման վերաբերյալ քննարկումներն ընթանում էին 2023 թվականից՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի ժամանակից ի վեր։
Անիի կամուրջը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այն ունի կարևոր պատմամշակութային նշանակություն և համարվում է միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշ։
