Քարնիի ներկայությունը Երևանում՝ «տագնապի ազդանշան» Թրամփի համար. The Telegraph

Քարնիի ներկայությունը Երևանում՝ «տագնապի ազդանշան» Թրամփի համար. The Telegraph

Բրիտանական հեղինակավոր «The Telegraph»-ը գրում է, որ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նշանավորվեց աննախադեպ իրադարձությամբ. Կանադայի վարչապետ Մարկ Քարնին դարձավ ոչ եվրոպական պետության առաջին առաջնորդը, ով միացավ այս ձևաչափին։ Թեև Կանադայի՝ ԵՄ-ին անդամակցելու գաղափարը դեռևս անիրական է թվում, սակայն Քարնիի ներկայությունը Հայաստանի մայրաքաղաքում հստակ ազդակ է՝ ուղղված Սպիտակ տանը։

Հրապարակման մեջ նշվում է, որ եթե նախկինում Էմանուել Մակրոնի՝ «անկախ և հզոր Եվրոպա» կառուցելու գաղափարները ծաղրի էին ենթարկվում, ապա Դոնալդ Թրամփի վերադարձը փոխեց ամեն ինչ։ Առևտրային բարձր սակագները, Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու սպառնալիքները և Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը եվրոպական առաջնորդներին ստիպել են վերանայել իրենց ռազմավարությունը։

Ինչպես նշում է հեղինակ Ջո Բարնսը, եվրոպական առաջնորդները (այդ թվում՝ Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները), որոնք փորձում էին կամուրջներ կառուցել Թրամփի հետ, ձախողվեցին այն բանից հետո, երբ հրաժարվեցին միանալ Իրանի դեմ նրա պատերազմին։ Այժմ նրանք հավաքվել են Երևանում՝ առանց Թրամփի, որպեսզի կառուցեն «երրորդ գերտերությունը»՝ խուսափելու համար ԱՄՆ-ի և Չինաստանի արանքում ճզմվելուց։

Մարկ Քարնին, ով դեռ Դավոսում զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի հետ ինտեգրումն անցյալում է, Երևանում դարձել է գագաթնաժողովի առանցքային դեմքերից մեկը։ Նրա ներկայությունը վերակենդանացրել է Կանադայի և ԵՄ-ի հնարավոր մերձեցման քննարկումները, ինչին, ըստ վերջին հարցումների, կողմ է կանադացիների շուրջ 60%-ը։

Երևանյան այս հանդիպումը փաստացի դառնում է մի հարթակ, որտեղ Արևմուտքի «միջին տերությունները» փորձում են ապացուցել, որ իրենք «ճաշացանկի մաս չեն», այլ սեփական օրակարգ թելադրող խաղացողներ են։

Leave a Comment