Իրանի պետական հեռուստատեսությունը և «Fars» գործակալությունը հայտնում են, որ երկրի ռազմածովային ուժերը «վճռական և արագ նախազգուշացման» միջոցով կանխել են «թշնամական» ռազմանավերի մուտքը Հորմուզի նեղուց։ Ըստ իրանական կողմի՝ ամերիկյան ֆրեգատը, որը փորձել է անցնել նեղուցով՝ անտեսելով նախազգուշացումները, Ջասկ նավահանգստի մոտակայքում խոցվել է երկու հրթիռներով և ստիպված նահանջել։
Այս միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «Ազատություն» նախագծի մեկնարկից ժամեր անց, որով Վաշինգտոնը մտադիր է նեղուցից դուրս բերել արգելափակված առևտրային նավերը։ Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը վերահաստատել է, որ նեղուցի անվտանգությունն իրենց ձեռքում է, և ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում և կթիրախավորվի։
Ամերիկյան կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել իր նավի խոցման մասին տեղեկությունը, սակայն Axios-ի աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնում հերքում են հարվածի փաստը։
