Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման արդյունքներով։
«Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկում կունենամ նախագահ Ալիևի հետ. դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք միջնորդի մեր դերը խաղալ և օգնել», – ասել է Մակրոնը՝ պատասխանելով News.am-ի լրագրողի հարցին։
Նա հատկապես կարևորել է կայունության ապահովումը տարածաշրջանում։
«Ուրախ եմ, որ լարվածությունը նվազել է վերջին ամիսներին։ Եվ նոր փուլ է մեկնարկել, որ պիտի ուղեկցվի խաղաղությամբ և կայունությամբ», – եզրափակել է նա։
Մակրոնը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
