Ինչպե՞ս «խաղաղության երաշխավոր» փնտրել Մոսկվայում, բայց այն գտնել… Անկարայում

Ինչպե՞ս «խաղաղության երաշխավոր» փնտրել Մոսկվայում, բայց այն գտնել... Անկարայում

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երեք առանցքային ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը, նախընտրական լեյտմոտիվ են դարձրել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի համար արտաքին «երաշխավորի» անհրաժեշտության թեզը։ Թեև նրանք խուսափում են ուղիղ նշել, թե ում են տեսնում այդ դերում, ակնհայտ է, որ խոսքը Ռուսաստանի, մասամբ նաև՝ Իրանի մասին է։ Սակայն այս նարատիվի խորքային վերլուծությունը բացահայտում է մի վտանգավոր տրամաբանական հակասություն, որը կա՛մ քաղաքական հավկուրության, կա՛մ հանրությանը դիտավորյալ մանիպուլացնելու դրսևորում է։

Ռեալպոլիտիկի դաժան պատկերը

2020 թ. պատերազմից հետո Հարավային Կովկասում Ռուսաստանի՝ որպես միակ և բացարձակ հեգեմոնի դարաշրջանն ավարտվել է։ Մոսկվան այստեղ այլևս միանձնյա չի գործում և համակերպվել է այն մտքի հետ, որ տարածաշրջանը պետք է կիսի Թուրքիայի հետ։ Մոսկվան այս ստատուս քվոն վավերացրել է դե յուրե՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 11-ին, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև ստորագրված հուշագրով, որով ստեղծվեց հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։ Սա այն դեպքում, երբ դրանից երկու օր առաջ՝ նոյեմբերի 9-ին ստորագրված ՌԴ-Հայաստան-Ադրբեջան տխրահռչակ եռակողմ հայտարարության մեջ ակնարկ անգամ չկար Թուրքիայի կամ նման կենտրոն ստեղծելու մասին։ Այս ճանապարհով Ռուսաստանն ինքնակամ Թուրքիայի հետ կիսեց հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անվտանգության և այսպես կոչված խաղաղության «երաշխավորի» կարգավիճակը, որի պայմաններում, ի դեպ, տեղի ունեցավ ԼՂ հայաթափումը։

Դրանով հաստատված ստատուս քվոն ոչ միայն չի փոխվել, այլև Թուրքիայի դերն ավելի է ամրապնդվել 2021 թ. հունիսի 15-ին՝ Մոսկվայի կատարյալ անկարողության պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրի ստորագրմամբ։ Դրանով Ադրբեջանը նաև լեգիտիմացրեց Թուրքիայի տարածաշրջանային այդ նոր դերը։

Ռուսաստանը և Թուրքիան, տարածաշրջանային իրենց նոր դերաբաշխված կարգավիճակը իրավականից քաղաքականի վերածելու նպատակով, ձևավորեցին նաև այսպես կոչված «3+3» ձևաչափը, որի ամբողջ իմաստը տարածաշրջանը երեք խոշոր խաղացողների միջև կիսելն էր՝ «տարածաշրջանային լուծումներ տարածաշրջանային խաղացողների կողմից» սկզբունքով և արտատարածաշրջանային ուժերին (ԱՄՆ, ԵՄ) դուրս մղելով։

Տրամաբանական թակարդ և սուվերենության հանձնում

Սա տրամաբանական թակարդ է և պարադոքս։ Ընդդիմադիր նարատիվը գործող իշխանությանը հետևողականորեն մեղադրում է Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության մեջ դնելու և սուվերենությունը զիջելու մեջ։ Սակայն, եթե Ռուսաստանը չի կարող միայնակ ստանձնել երաշխավորի դերը և իր ազդեցությունը կիսում է Թուրքիայի հետ, ապա Ռուսաստանին որպես միակ փրկօղակ և անվտանգության երաշխավոր ներկայացնելով՝ ընդդիմությունը լեգիտիմացնում է նաև Թուրքիայի ներկայությունն ու դերը՝ որպես այդ երաշխավորության անբաժանելի բաղադրիչ։ Եթե այդ ուժերը դա չեն հասկանում, ուրեմն ի վիճակի չեն ընկալելու, որ տարածաշրջանում իրողություններ են փոխվել։

Ստացվում է մի իրավիճակ, երբ, չնայած նրանք քննադատում են իշխանության քայլերը որպես թուրքական ազդեցության «դե ֆակտո» ուժեղացում, ընդդիմության առաջարկած «երաշխավորի» մոդելն ինքնին ուղիղ տանում է հենց թուրքական ազդեցության «դե ֆակտո» ամրագրմանը։

Պատասխանատվության լղոզումը և «3+3»-ի վտանգը

Ստացվում է, որ ընդդիմությունը նաև Ռուսաստանին է պատվիրակում սեփական սուվերեն գործառույթը՝ իր փոխարեն տարածաշրջանային մյուս «երաշխավորի»՝ Թուրքիայի հետ պայմանավորվելու հարցում։ Հետևաբար, ընդդիմության թեզը հասարակությանը հրամցնում է մի մոդել, որտեղ Հայաստանը դադարում է լինել ինքնուրույն սուբյեկտ և վերածվում է աշխարհաքաղաքական օբյեկտի։ Այս մոդելում մեր երկրի անվտանգությունն ուղիղ կախվածության մեջ է դրվում ոչ թե միջազգային իրավունքից կամ սեփական դիմադրողականության կարողությունից, այլ բացառապես հարևան հսկաների կոնսենսուսից։

Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման կոնսենսուսները միշտ ձեռք են բերվում ամենաթույլ օղակի կենսական շահերի հաշվին։ Տվյալ դեպքում այդ թույլ օղակը միայն Հայաստանն է, որովհետև Վրաստանն իրեն դուրս է դրել այդ շրջանակից, իսկ Ադրբեջանն իրեն ապահովագրել է՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ ստորագրելով համապատասխանաբար դաշնակցային և ստրատեգիական գործընկերության պայմանագրեր, որոնք գործում են։ Մինչդեռ Հայաստանը բախվել է տասնամյակներ առաջ ստորագրված իր «երաշխավորի»՝ Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագրերի անգործունակության և միայնակ մնալու փաստին։

Իրական սուվերենությունը պահանջում է անվտանգային դիվերսիֆիկացիա, այլ ոչ թե կամավոր անձնատվություն մի համակարգի, որտեղ արդեն երկրորդ անգամ (Մոսկվայի ու Կարսի պայմանագրերից հետո) ռուսներն ու թուրքերը նոր ստատուս քվո են հաստատում մեր կենսական շահերի զոհաբերման հաշվին։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment