Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կանադայի ԱԳ նախարար տիկին Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պաշտոնական կայքէջից։

«Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը:

Երկու երկրների պաշտոնյաները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տիկին Անիտա Անանդը կարճ շրջայց ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment