Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, հայտնել են ՀՀ կառավարությունից։
Ստորագրված հռչակագիրը սահմանում է երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները և ամրագրում ռազմավարական գործընկերության հաստատումը։ Փաստաթուղթը ներառում է 5 հիմնական ուղղություն՝ քաղաքական երկխոսություն և միջազգային համագործակցություն, անվտանգություն և պաշտպանություն, տնտեսական և տեխնոլոգիական համագործակցություն, էներգետիկա, ինչպես նաև կրթություն, գիտություն, մշակույթ և զբոսաշրջություն։
Հռչակագրով կողմերը նախատեսում են ակտիվացնել բարձր մակարդակի շփումները, խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, զարգացնել առևտրատնտեսական կապերը, աջակցել տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, ինչպես նաև համագործակցել կիբեռանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի և պաշտպանության ոլորտներում։
Փաստաթուղթը նաև ընդգծում է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը և Հայաստանի ներգրավվածությունը եվրոպական նախաձեռնություններում՝ նշելով, որ գործընկերությունը միտված չէ որևէ երրորդ երկրի դեմ։
Բուլղարիայի նախագահը Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Մայիսի 3-5-ը Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, մայիսի 5-ին տեղի կունենա ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։ Արդեն Հայաստան են ժամանակ ԵՄ երկրների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
