«Ոսկե ծիրան 2026»-ը կանցկացվի հուլիսի 12-19-ին Երևանում – armeniatoday.am

Երևանի 23-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ին, Armenia Today-ին հայտնել է փառատոնի մամուլի խոսնակ Ռոզա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ծրագրում կներկայացվեն տարբեր երկրների մրցութային ֆիլմեր, ինչպես նաև ֆիլմեր խոշոր միջազգային կինոփառատոներից, այդ թվում՝ Կաննի և Բեռլինի։ Ակնկալվում է հայտնի կինոգործիչների մասնակցություն։ Կազմակերպիչները խոստանում են լրացուցիչ մանրամասներ հայտնել ավելի ուշ։

22-րդ փառատոնն անցկացվել էր 2025 թվականին՝ հուլիսի 13-20-ին։ Մասնակցել են ավելի քան 30 երկրների կինոգործիչներ, այդ թվում՝ Ամիր Նադերին, Աբդերահմանե Սիսակոն, Աթենա Ցանգարին, Ֆիդոն Պապամիխայելը, Մարկո Մյուլլերը և Ադա Սողոմոնը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանի ամենախոշորնրից մեկը։ Տարիների ընթացքում փառատոնը հյուրընկալել է համաշխարհային կինոյի բազմաթիվ հայտնի դեմքերի, այդ թվում՝ Տոնինո Գուերային, Կլաուդիա Կարդինալեին, Ֆանի Արդանին, Նիկիտա Միխալկովին, Ալեքսանդր Սոկուրովին, Կիմ Կի-դուկին, Օռնելլա Մուտիին, Նաստասյա Կինսկիին, Քևին Սփեյսիին և Թերի Ջորջին։

Կարդացեք նաև՝

Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին

Leave a Comment