Մայիսի 1-ին Հայաստանում նշվում է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Երևանում օրը նշվեց տոնական միջոցառումներով, որին մասնակցում էին նաև երկրի խոշոր գործատուները, որոնց ընկերությունների ներկայացուցիչները քայլել են կենտորնական փողոցներում՝ սեփական խորհրդանիշներով կահավորված մեքենաների ուղեկցությամբ։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին՝ 2024-ի համեմատ, Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է 0,6%-ով՝ կազմելով 12,8%։ Աշխատաշուկայի պակասը հատկապես նկատելի է մարզերում՝ դառնալով արտագաղթի հիմնական պատճառ։ Այս մասին է վկայում նաև Armenia Today-ի՝ 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մարտ ամիսը ՀՀ-ում անցկացված մոտ 8000 հարցումը՝ 18-60+ տարիքի քաղաքացիների շրջանում։
Մայիսի 1-ի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ երկրում վերջին 8 տարվա ընթացքում մոտ 280 000 աշխատատեղ է ստեղծվել, իսկ 2017-ի համեմատ՝ տնտեսությունն աճել է 53,9%-ով։
Մինչ իշխանությունները նշում են աշխատատեղերի ավելացման մասին, ընդդիմությունն ընդգծում է, որ ծայրահեղ աղքատության ցուցանիշը վերջին տարիներին ավելացել է։ Մասնավորապես՝ Տավուշի մարզում հասնելով մինչև 39,9%-ի, Վայոց ձորի մարզում՝ մինչև 30%, Շիրակի մարզում՝ 43%, Կոտայքի և Արմավիրի մարզերում՝ մինչև 27%։
Armenia Today-ը հարցում է անցկացերլ Երևանում պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում աշխատանքի մատչելիությունը տարբեր տարիքային խմբերի քաղաքացիները, աշխատավարձը որքանո՞վ է բավարարում մոտ ապագայում պլաններ կազմելու համար և որո՞նք են ներկայիս աշխատաշուկայի հիմնական խնդիրները։
Հարցված քաղաքացիների մի մասը կարծում է, որ Հայաստանում կան բավարար չափով աշխատատեղեր, չկան՝ աշխատել ցանկացողներ, իսկ մի մասն այդպես չի մտածում։
«Աշխատանք կա, աշխատուժ չկա, որովհետև եթե ցանկություն լիներ աշխատելու, այսքան հնդիկներ չէին լինի երկրում»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցմանը մասնակցած տարբեր տարիքի քաղաքացիներ դժգոհել են իրենց աշխատանքի բնույթից և վարձրատրությունից։
«Շատ քիչ է աշխատավարձը։ Ես հասկացել եմ, որ Հայաստանում շատ վատ են վարձրատրում»,- սեփական փորձով պայմանավորված՝ կարծիք է հայտնել քաղաքացին։
Աշխատանքի պայմաններից՝ մասնավորապես աշխատաշուկայում գործող տարիքային սահմանափակումներից դժգոհել են հատկապես միջին և բարձր տարիքի քաղաքացիները։ Հիշեցնենք, որ Փաշինյանը խորհուրդ էր տվել թոշակառուներին աշխատել և ասել էր, որ 63-ը փոքր բիզնես սկսելու համար իդեալական տարիք է։
«Արդեն 70 տարեկան եմ դառնում, հիմա էլ եմ պատրաստ աշխատել, բայց 45-ից ցածր պետք է լինես, որ գործի ընդունեն։ Ինժեներ-մեխանիկ եմ, բայց պատրաստ եմ նաև բանվորություն անել»,- դժգոհել է քաղաքացին։
Հարցմանը մասնակցած երիտասարդները փաստում են, որ թեև աշխատանք հեշտությամբ չեն գտել՝ փորձի պակասով պայմանավորված, բայց աշխատաշուկան ավելի լավ հնարավորություններ է առաջարկում նրանց, ովքեր մշատապես ինքնակրթվում և հետևում են շուկայի նորություններին։
«Համալսարանն ավարտելուց հետո երիտասարդները հիմնականում ստաժի հետ կապված խնդրի են բախվում, բայց կարծում եմ՝ լավ մասնագետը կարողանում է աշխատանք գնտել»,- սեփական փորձի մասին այսպես է փաստել քաղաքացիներից մեկը։
Ավագ սերնդի քաղաքացիներից շատերը հարցման ընթացքում պատմել են սովետական տարիներին իրենց աշխատանքի և վարձատրության մասին։
«Առաջին աշխատավարձս 120 ռուբլի էր, ստացել եմ 1965 թվականին և ամբողջությամբ մամայիս եմ տվել»,- անցյալի հիշողությունները թարմացրել է քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
