Radar-Զրույցի այսօրվա հյուրն է բժիշկ, «Բոլորին դեմ եմ» շարժման ներկայացուցիչ Հայկ Մանասյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է որոշել ընդգրկվել շարժման ցուցակում (7-րդ համար), Մանասյանը նշեց, որ դա եղել է ոչ միայն իր անձնական որոշումը, այլև «Հիմնադիր ազատակարգ» կուսակցության որոշումը։
«Մենք քաղաքական շարժում էինք նախաձեռնել՝ քաղաքական կուսակցություն, միավոր, որով ցանկանում էինք մասնակցել ընտրություններին, սակայն մի քանի պատճառներ հիմք հանդիսացան միանալու «Բոլորին դեմ եմ» շարժմանը»,– ասաց նա։
Խոսելով շարժման անվան մասին և այն հարցին, թե արդյոք այն մանիպուլյատիվ չէ և չի՞ մոլորեցնում ընտրողներին, Հայկ Մանասյանը նշեց.
«Մենք բոլորին դեմ ենք, այդ թվում՝ նաև ինքներս մեզ։ Եթե «Բոլորին դեմ եմ»-ը ինչ-որ դասավորվածքի արդյունքում դառնում է իշխանություն, ապա 100 օր անց մենք գնում ենք նոր ընտրությունների՝ որոշակի փոփոխություններից հետո։ Եթե չենք դառնում իշխանություն, բայց անցնում ենք խորհրդարան, ապա մանդատները դնում ենք և դուրս ենք գալիս՝ այսպիսով «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը թողնելով որպես զտարյուն բոլորի դեմ,, ոչ թե որևէ անձի կամ կազմակերպության դեմ»։
Մանասյանը նաև խոստացավ առաջիկայում ապացուցել, որ իրենց նպատակը պաշտոն կամ աթոռ զբաղեցնելը չէ, այլ «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը ընտրական գործընթացում գործարկելը։
Նրա խոսքով՝ լուրջ չէ «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու նշանակել Սամվել Կարապետյանին։ Մանասյանի կարծիքով՝ իրենց լավագույն թեկնածուն Կարեն Կարապետյանն է, որին, ինչպես նա նշեց, «խնամքով և հոգատարությամբ պահում են, որպեսզի չարատավորվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
