
«Ովքեր քննադատում են աղքատության հաղթահարման մեր ծրագիրը, մի բան ասեմ՝ իրենք պատրա՞ստ են 10 օր, 20 օր, մեկ ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններում, ովքեր ստանալու են այս աջակցությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ կա աղքատության թակարդ ու մարդկանց պետք է հանեն այդ թակարդից, հնարավորություն, միջոցներ տան ոտքի կանգնեն, իսկ արդեն մի քանի տարի հետո այդ ընտանիքների երեխաները կրթություն կստանան և իրենք կհանեն իրենց ընտանիքներն աղքատությունից։
«Այսքան հնարավորություններով տեր հայրենակիցներ ունեցող ազգը չպետք է թույլ տա իր տասնյակ հազարավոր հայրենակիցներին 21-րդ դարում ոչ վայել աղքատության մեջ լինեն»,- ասաց նա։
Խոսելով տնտեսության թռիչքաձև աճի մասին՝ Նարեկ Կարապետանն ասաց, որ երեք հիմնական ուղղություն կա՝ ներդրումների աջակցում և ներդրողների հետ երկարաժամկետ պայմանագրերի կնքում, ներքին շուկայի աջակցում և գործարարների շահերի պաշտպանություն, պետական ծրագրային մասնակցություններ։
«Տնտեսությունը մեր մասնագիտությունն է։ Մենք կարող ենք ասել՝ ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին, որ վերջապես մենք ենք իրականացնելու տնտեսական փոփոխությունների ծրագիրը, որը պետք է 10 տարի, 5 տարի առաջ լիներ, ոչ թե այսօր, բայց ստիպված ենք անել այսօր»։