ՀՀ-ում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ. ՄԻՊ

Մեր երկրում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Այս մասին նշել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

Նա մասնավորապես նշել է.

«Այս խորհրդանշական օրը հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը յուրաքանչյուրիս կյանքում և ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Չնայած իրականացվող քայլերին՝ մեր երկրում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և ստացվող բողոքները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի իրավունքի լիարժեք իրացումը, ինչպես նաև արդար և համարժեք վարձատրության երաշխավորումը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի դիմաց։

Պահպանվում են նաև խնդիրներ՝ կապված աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովման հետ։ Անհրաժեշտ է առավել նպատակային քայլեր ձեռնարկել կանանց զբաղվածության խթանման ուղղությամբ։

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական և մատչելի աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության երաշխավորման ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։

Պետության առանցքային պարտավորությունն է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ կապահովվեն հավասարությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը, և յուրաքանչյուր անձ կունենա իր ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն։

Առաջնահերթ խնդիր է նաև գործադուլի իրավունքի երաշխավորումն ու այդ առումով առկա օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողության գործիքները և բարձրացնել ինչպես աշխատողների, այնպես էլ՝ գործատուների իրազեկվածությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մաղթում եմ ձեզ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք՝ արժանապատիվ և անվտանգ պայմաններում՝ կարևորելով աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում հետևողական և տեսանելի առաջընթացը»։

Leave a Comment